Մատչելիության հղումներ

Վրաստանը իր աննախադեպ հաղթանակն է համարում ՆԱՏՕ-ի ԽՎ-ի բանաձեւը


ՆԱՏՕ-ի ԽՎ-ի Վարշավայի նստաշրջանի լոգոն
ՆԱՏՕ-ի ԽՎ-ի Վարշավայի նստաշրջանի լոգոն
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ՆԱՏՕ-ի ԽՎ) կողմից Վարշավայում երեքշաբթի օրն ընդունված բանաձեւը, որով Հարավային Օսիան եւ Աբխազիան օկուպացված տարածքներ են ճանաչվում, պաշտոնական Թբիլիսին իր աննախադեպ դիվանագիտական հաղթանակն է հռչակում:

Լեհաստանի մայրաքաղաք ժամանած վրացական պատվիրակության ղեկավար, խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն քվեարկությունից անմիջապես հետո հայտարարել է. - «Այս կարեւորագույն փաստաթղթում Աբխազիան եւ Հարավային Օսիան բնութագրվում են որպես օկուպացված տարածքներ, բացի այդ` բանաձեւը դատապատում է էթնիկ զտումները: Բոլոր կարեւոր, ցավոտ խնդիրներում Վրաստանը հստակ աջակցության է արժանացել: Իմ կարծիքով, ի պաշտպանություն Վրաստանի միջազգային կազմակերպությունների կողմից վերջին շրջանում ընդունված փաստաթղթերի շարքում սա ամենադրականներից մեկն է»:

Երկրի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեի համոզմամբ էլ` այս քայլով Հյուսիսատլանտյան դաշինքը կարողացավ դիմակայել պաշտոնական Մոսկվայի ճնշմանը:

«Այն իրողությունը, որ բանաձեւն ընդունվեց Հյուսիսատլանտյան դաշինքի լիսաբոնյան գագաթնաժողովից մի քանի օր առաջ` Ռուսաստանի ակտիվ հակազդեցության պայմաններում, վկայում է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է միանշանակորեն սատարել Վրաստանի տարածքային ամբողջականության գաղափարին եւ հաստատակամ է մեր երկիրը դաշինքի կազմում ընդգրկելու հարցում», - նշել է վրաց դիվանագետը:

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը, սակայն, վրացական կողմի լավատեսությունը չի կիսում: Euronews-ին տված հարցազրույցում նա նշել է. - «Երկուեւկես տարի առաջ ՆԱՏՕ-ն արդեն իսկ Վրաստանին խելահեղ գործողության` Հարավային Օսիայի դեմ հարձակման եւ, ինչն ամենասարսափելին էր, ռուս խաղաղապահների սպանությանը դրդեց: Այդ ամենը, իմ կարծիքով, բավական երկար ժամանակով փակեց ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարը: ՆԱՏՕ-ի պաշտոնյաները, իհարկե, կշարունակեն ավանդական խոսքեր ասել Վրաստանի, նաեւ Ուկրաինայի անդամակցության հեռանկարների մասին: Այս երկու պետությունները, սակայն, այսօր շատ ավելի հեռու են դաշինքին անդամակցելուց, քան երեք տարի առաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG