Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցեց «Հայաստան» հիմնադրամի գալա երեկոյին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում մասնակցեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին:

Երեկոյին ներկա էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ, այդ թվում` Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը եւ այլոք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով Հիմնադրամի գործունեությանը, ընդգծեց, որ համազգային ընդգրկում ունեցող այդ կառույցը կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարեւորության ծրագրեր:

«Մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական եւ սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսեւորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում», - նշեց Հայաստանի նախագահը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարեց. - «Բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, եւ ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները: Իսկ պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբեւէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG