Մատչելիության հղումներ

«Հայաստանում եղած ուրանը առավելագույնը 3.6 տոկոս հարստացվածության է»


Հայաստան -- Մեծամորի ատոմակայանը
Հայաստան -- Մեծամորի ատոմակայանը
Հայաստանում ճառագայթային ու միջուկային անվտանգությունը, ինչպես նաեւ միջուկային պահպանությունը գտնվում են միջազգային չափանիշներին համապատասխան մակարդակի վրա: Երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս կարող էին Հայաստանի քաղաքացիները մաքսանենգ ճանապարհով գերհարստացված ուրան տեղափոխել Երեւանից Թբիլիսի, ինչպես հայտնել են վրաց իրավապահները, Մարտիրոսյանը պատասխանեց. - «Հայաստանում գտնվող միջուկային նյութերը, սկսած ատոմակայանի միջուկային վառելիքից, մինչեւ տարբեր կազմակերպություններում եղած աննշան քանակի նյութերը` մի քանի միկրոգրամների, բոլորը գտնվում են մեր, ինչպես նաեւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո: Քանի որ հետաքննությունը դեռեւս ավարտված չէ, չունենք ամբողջ տեղեկությունը, մենք չգիտենք, դա Հայաստանո՞վ է անցել: Միգուցե Հայաստանով չի անցել»:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին նույնպես փոխանցեց, որ դեպքի կապակցությամբ ԱԱԾ-ն վարում է իր հետաքննությունը, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի ասել, թե արդյոք Վրաստանում հայտնաբերված մաքսանենգ ուրանը այնտեղ է հայտնվել Հայաստանի՞ց, թե՞ ոչ:

Վրացական անվտանգության մարմինների պնդմամբ` Հայաստանի քաղաքացիներ 63-ամյա գործարար Սմբատ Տոնոյանն ու 59-ամյա ֆիզիկոս Հրանտ Օհանյանը այս մարտին փորձել են Վրաստանի տարածքում 87% հարստացված ուրան իրացնել, որը Թբիլիսի էին հասցրել Ռուսաստանից` Հայաստանի տարածքով:

«Այնպիսի հարստացման միջուկային նյութ, ինչպիսին հայտարարված է վրացական իշխանությունների կողմից, Հայաստանում չի եղել եւ չկա: Հայկական ատոմակայանում օգտագործվող վառելիքը 3 տեսակի հարստացման է` 1.6, 2.4, 3.6 տոկոս: Դա առավելագույն հարստացման ուրանն է, որը Հայաստանում կա: Իսկ 87 տոկոս հարստացման ուրան Հայաստանում չի եղել», - նշեց Աշոտ Մարտիրոսյանը:

Նա հավելեց, թե Հայաստանում Միացյալ Նահանգների աջակցությամբ իրականացվում է միջուկային վերահսկողության ուժեղացման ծրագիր` ատոմակայանից մինչեւ սահմանային անցակետեր:

Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատնից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, թե ԱՄՆ աջակցությամբ Հայաստանի սահմանակետերում արդեն տեւական ժամանակ է, ինչ գործում են ռադիացիան հայտնաբերող հատուկ սարքավորումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG