Մատչելիության հղումներ

Time-ը կարող է Տարվա մարդ ճանաչել Թուրքիայի վարչապետին


Time-ի հին համարներից մեկի կազմը
Time-ի հին համարներից մեկի կազմը

Արդեն շուրջ մեկ շաբաթ է` հեղինակավոր Time հանդեսը առաջարկում է ընթերցողներին ընտրել անցնող 2010 թվականի թիվ մեկ քաղաքական ու հասարակական գործչին` Տարվա մարդուն։

Մեկշաբաթյա քվեարկության արդյունքներով, ըստ ընթերցողների, այդ տիտղոսի ամենաարժանի հավակնորդը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ էրդողանն է. վերջին տվյալներով, նրա օգտին քվեարկել է արդեն 110 հազարից ավելի ընթերցող, մինչդեռ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընթերցողների քվեարկությամբ գրավել է 6-րդ հորիզոնականը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը` 13-րդ, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը` 23-րդ։

Ինտերնետում իրականացվող այս հարցումը ընդամենը խորհրդանշական բնույթ ունի. չնայած դրա արդյունքներին` Տարվա մարդուն որոշելու է Time-ի խմբագրակազմը, որի կարծիքը կարող է եւ չհամընկնել ընթերցողների նախասիրությունների հետ։

Սակայն փաստ է, որ Time-ը էրդողանին արդեն իսկ առանձնացրել եւ ներառել է տարվա առավել ազդեցիկ 25 գործիչների ցանկում` բարձր գնահատելով Թուրքիայի վարչապետի քայլերը ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ երկրի ներսում` հատկապես տնտեսական ոլորտում։

«Երբ Իսրայելի զինուժը հարձակման ենթարկեց Գազայի հատված մարդասիրական բեռներ տեղափոխող թուրքական «Մարմարա» նավը, կանխատեսելի էր, որ Էրդողանը հանդես կգա հայտարարությամբ, քանի որ միջադեպի զոհ դարձան Թուրքիայի շուջ մեկ տասնյակ քաղաքացիներ», - գրում է Time-ն ու ընդգծում. - «Սակայն անակնկալ էր էրդողանի հայտարարությունների կոշտ տոնը, որոնցով նա երբեմնի դաշնակից երկրին` Իսրայելին մեղադրեց պետական մակարդակով անմարդկային ահաբեկչություն իրականացնելու մեջ»։

«Իրականում, սա միայն մեկ դրվագ էր Թուրքիայի կողմից 2010 թվականին իրականացված տասնյակ առանցքային քայլերից, որոնցով Անկարան փորձեց ի ցույց դնել իր դիվանագիտական կարողությունները», - գրել է հեղինակավոր ամսագիրն ու հիշատակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Բրազիլիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը։

«Խթանելով ձեռներեցությունը սեփական երկրում եւ հարելով ազգայնական թեւին, որը մինչ այժմ հերքում է Հայոց ցեղասպանությունը, Էրդողանը ցույց է տալիս, որ Թուրքիան այլեւս չի ամաչում ի ցույց դնել իր կշիռն ու կարողությունը ողջ Մերձավոր Արեւելքում», - գրում է Time-ը։

Թե ում կտա խմբագրակազմը հեղինակավոր տիտղոսը` հայտնի կդառնա դեկտեմբերին:

Նախորդ տարի` տնտեսական ճգնաժամից տուժած 2009 թվականին Time-ը Տարվա մարդ էր հռչակել Միացյալ Նահանգների Ֆեդերալ ռեզերվի` Կենտրոնական բանկի նախագահ 56-ամյա Բեն Բեռնանկեին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG