Մատչելիության հղումներ

Վիեննայում ելույթ կունենա Կանատ Սաուդաբաեւը


Կանատ Սաուդաբաեւը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 22-ը սեպտեմբերի, 2010թ.
Կանատ Սաուդաբաեւը ելույթ է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, Նյու Յորք, 22-ը սեպտեմբերի, 2010թ.
Երկուշաբթի օրը ԵԱՀԿ-ի գործող նախագահը կազմակերպության Մշտական խորհրդին տեղեկացնելու է Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքի մասին:

ԵԱՀԿ-ի երկօրյա գագաթնաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Աստանայի Ընդունելությունների տանը, իսկ հաջորդ օրը նախատեսված է ամփոփիչ հռչակագրի ստորագրումը։

Գագաթնաժողովը Աստանայում անցկացնելու որոշումը ԵԱՀԿ-ի Նախարարների խորհուրդը ընդունել է այս տարվա օգոստոսի 3-ին։

Նոյեմբերի 28-ին նախատեսված են ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի եւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի ասուլիսները։ Նոյեմբերի 30-ին պետք է տեղի ունենան ԵԱՀԿ-ի մասնակից 56 պետությունների, գործընկեր 12 երկրների, ինչպես նաեւ 68 միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպումները ԵԱՀԿ-ի նախագահող եւ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ։

Գագաթնաժողովի նախօրեին բազում մեկնաբանություններ են արվում Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցությունների հնարավոր արդյունքի մասին։ Հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, նոյեմբերի 6-ին Մոսկվայում հանդիպել են երեք երկրների արտգործնախարարները։

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նոյեմբերի 3-ին Ստամբուլում ասել է, թե Աստանայի գագաթնաժողովը կարող է բեկումնային դառնալ կարգավորման գործընթացում։

Սակայն Բաքվում վերստին հնչել են ռազմաշունչ հայտարարություններ, ինչի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցած շաբաթ Նյու Դելիում ասել է, թե «Ադրբեջանի նախագահը սուր է ճոճում` անգամ ելույթ ունենալով երեխաների առջեւ», իսկ Սերժ Սարգսյանը, ուրբաթ օրը Լեռնային Ղարաբաղում ներկա լինելով զորավարժություններին, հայտարարել է, թե հայկական կողմը չի պատրաստվում նախահարձակ լինել, բայց անհրաժեշտության դեպքում հակահարվածը վերջնական կլինի։

Աստանայում գումարվելու է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովը։ Այս կառույցը ստեղծվել է 1975-ին` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության խորհուրդ անվան տակ, առաջին համաժողովը տեղի ունեցել Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում, ապա 1990-ին` Փարիզում, 1992-ին` նորից Հելսինկիում։ 1994-ին Բուդապեշտի գագաթնաժողովում որոշվել է ԵԱՀԽ-ն վերանվանել ԵԱՀԿ` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն։

Նոր անվան տակ համաժողովներ են գումարվել 1996-ին Լիսաբոնում եւ 1999-ին Ստամբուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG