Մատչելիության հղումներ

Թուրքիայի վարչապետը հարցազրույց է տվել ստամբուլահայ լրագրողին


Ռեջեփ Էրդողանը ընդունում է Արա Գոչունյանին, Անկարա, 9-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի
Ռեջեփ Էրդողանը ընդունում է Արա Գոչունյանին, Անկարա, 9-ը նոյեմբերի, 2010թ., լուսանկարը` Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հարցազրույց է տվել Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանին։

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Գոչունյանը ասաց, որ զրույցի թեմաներից մեկը, բնականաբար, հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներն էին։

«Պետք է ասել, որ գործընթացի այս առկա սառեցված մթնոլորտում պարոն վարչապետը բավականին լավատես մոտեցումներ եւ կամ հուսադրված մոտեցումներ, դրական պատգամներ փոխանցեց այդ հարցի շուրջ: Մասնավորապես, ինքը շեշտեց, որ Թուրքիան որեւէ պետության դեմ թշնամանքի տրամադրություններ չունի», - պատմեց ստամբուլահայ լրագրողը:

Գոչունյանի փոխանցմամբ` Էրդողանը ասել է, որ նախկինում հակամարտություններ ունեցած բոլոր երկրների հետ հարաբերություններում Թուրքիան նոր շրջան է մտել, բարեկամական հարաբերություններ է հաստել նախկինում հակամարտություններ ունեցած երկրների հետ, եւ «իր խորին համոզումով նույնը կարելի է հաջողել նաեւ Հայաստանի հետ»։

«Ես ի սրտե կհավատամ այս բանին, պատմությունը թողնելով պատմաբաններին, գիտնականներին` մենք կարող ենք միասնաբար ընթանալ դեպի ապագա։ Ես շարունակում եմ հավատալ, որ կարելի է հասնել հարաբերությունների կարգավորմանը», - Արա Գոչունյանի վկայությամբ` ասել է Թուրքիայի վարչապետը։

Էրդողանը կրկնել է պաշտոնական Անկարայի տեսակետը, թե հայկական Սփյուռքի մի մասը խոչընդոտ է հանդիսանում հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, եւ հույս է հայտնել, որ խնդիրները կհաղթահարվեն։

«Այս ուղղությամբ ես պահպանում եմ իմ հույսը», - ասել է Էրդողանը։

Արա Գոչունյանը հարցրել է Թուրքիայում բնակվող հայաստանցիների մասին, որոնց արտաքսելու հնարավորության վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Թուրքիայի վարչապետը կրկնել է, թե իր մոտեցումները աղավաղված ձեւով էին մատուցվել։ Նա ասել է, թե ինքը բացարձակապես չի ակնարկել Հայաստանից Թուրքիա գաղթածներին, իր խոսքը վերաբերել է Թուրքիայում ապօրինի աշխատողներին, եւ ընդգծել է, որ ապօրինի աշխատողն ու գաղթականը, զբոսաշրջիկն ու քաղաքացին, օրինական աշխատողը` բոլորովին տարբեր կարգավիճակներ են:

Թուրքահայ համայնքի մասին Էրդողանը հարցազրույցում մեծ գնահատանքով է խոսել: «Թուրքիայի հայ համայնքը երկրի համար մեծ հարստություն է», - ասել է Էրդողանը` գովաբանելով հայերի ջանքերը, որ գործադրվում են երկրի ներքին անդորրը պահպանելու եւ Թուրքիայի բարգավաճման ուղղությամբ:

Գոչունյանի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետն ասել է, թե աշխատում են երկրի բոլոր 73 միլիոն քաղաքացիների համար, բոլոր քաղաքացիները առաջին դասի քաղաքացիներ են` ներառյալ հայ փոքրամասնությունը։

Ստամբուլահայ լրագրողի տպավորությամբ` թուրքական դիվանագիտությունը այս պահին կարեւոր է համարում նաեւ Հայաստանի հասարակական կարծիքի ձեւավորումը, լուսաբանելը, որովհետեւ Էրդողանը հետաքրքրվել է, թե Ստամբուլի «Ժամանակ»-ը Հայաստանում որքանո՞վ է հասանելի, կարողանո՞ւմ է Հայաստան հասնել, արդյոք ընթերցողներ ունի՞։

Էրդողանը Գոչունյանից հետաքրքվել է նաեւ, թե հայ համայնքում լուծվե՞լ է արդյոք պատրիարքական ընտրության հարցը։ Գոչունյանը պատասխանել է, թե «համայնքի օրակարգում դա որպես չլուծված խնդիր մնում է»:

«Ժամանակ» թերթի հարցազրույցը Թուրքիայի վարչապետի հետ տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Անկարայում` վարչապետի պաշտոնական նստավայրում։

Որպես հանդիպման հիշատակ` Գոչունյանը Էրդողանին նվիրել է «Ժամանակ» թերթի հիմնադրի` կիսանդրին («Ժամանակ»-ի հիմնադիրը Արա Գոչունյանի պապն է), ինչպես նաեւ թերթի վերջին մի քանի համարներ։

Էրդողանը հետաքրքրվել է թերթի պատմությամբ, շնորհավորել է «Ժամանակ»-ի հիմնադրման 100-ամյակի առիթով։ Թուրքիայի վարչապետը ստամբուլահայ լրագրողին նվեր չի տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG