Մատչելիության հղումներ

Դատաբժշկական փորձաքննությամբ եւս Փաշինյանի մոտ վնասվածքների հատկանիշներ չեն հայտնաբերվել


Հայաստանի առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի կողմից իրականացված փորձաքննությամբ եւս հիմնավորվել են բուժզննության արդյունքները. համաձայն փորձագետի եզրակացության` 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մոտ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Այդ մասին հաղորդել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը` հիշեցնելով, որ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող Փաշինյանը նոյեմբերի լույս 11-ի գիշերը հայտարարել էր, թե իր նկատմամբ բռնություն է գործադրվել:

«Այսպիսով, արդարադատության նախարարության ՔԿՀ վարչության մամուլի հաղորդագրության հիմքում ընկած են ակնհայտ հիմնավորված եւ միանշանակ փաստեր: Իսկ բոլոր այն ենթադրությունները, ըստ որոնց իբր չի բացառվում, որ նման բռնության դեպք կարող էր եւ լինել, զուտ քաղաքական շահարկումների ոլորտից է եւ ենթակա չէ իրավական գնահատման», - ասված է Բաբայանի հաղորդագրությունում:

Միաժամանակ, երեկ երեկոյան տարածած հայտարարությամբ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պնդում է, որ Փաշինյանի նկատմամբ բռնություն է կիրառվել:

«Արդարադատության նախարարության հայտարարությունը, որով ժխտվում է կատարվածը` դա համարելով կեղծ, ամոթալի խաբեություն է։ Խցակից կալանավորներին վկայակոչելը` թե նման բան չի եղել, ծիծաղելի է, քանի որ նման դեպքի մասին վկայելը ոչ միայն վտանգավոր է յուրաքանչյուր կալանավորի համար, այլեւ տվյալ միջավայրի չգրված օրենքներով ընդունված չէ», - հայտարարում է ընդդիմադիր շարժումը եւ պահանջում անկախ բժշկական փորձաքննություն` միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG