Մատչելիության հղումներ

Երբ ռադիոն խոսում է թատրոնի լեզվով


Բրիտանական BBC գործակալությունը արդեն 12 տարի անցկացնում է ռադիո պիեսի մրցույթ, որին կարող են մասնակցել 60 րոպե տևողությամբ բոլոր պիեսները` առավելագույնը 6 կենտրոնական հերոսներով:

Ռադիոթատրոնի ժանրը մեծ տարածում է ունեցել Խորհրդային Հայաստանում, ինչի մասին հիշում է նաև Բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը: Նա ցավով նշեց, որ թատրոնի այս ժանրը աստիճանաբար վերանում է ողջ աշխարհում:

Ռադիոթատրոնի հանդեպ հետաքրքրություն ստեղծելու և Հայաստանից միջազգային մրցույթին մասնակիցներ ունենալու նպատակով այս տարի Բրիտանական խորհուրդը BBC-ի ռադիո պիեսի միջազգային մրցույթի մասին տեղեկատվությունը տարածում է Հայաստանի տարբեր գրական շրջանակներում, ինտերնետային ցանցերում: - «2 հիմնական հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 2500 անգլիական ֆունտ ստերլինգ, ինչպես նաև կմեկնի Լոնդոն` մասնակցելու պիեսի ռադիոբեմադրությանը», - պատմեց Նարեկ Թովմասյանը:

Միջազգային մեծ մրցույթը մասնակիցների որևէ սահմանափակում չի դնում, կարող են մասնակցել պրոֆեսիոնալ գրողները և պարզապես մարդիկ, ովքեր կարողանում են պատմություններ հորինել կամ իրական, հետաքրքիր պատմությունները շարադրել պիեսի ձևաչափում: Մրցույթի մասնակցության միակ սահմանափակումը հեղինակի՝ 16 տարեկանից բարձր լինելն ու մեծբրիտանացի չլինելն է:

Անցած տարի մրցույթի երկու հաղթողներից մեկը ԱՄՆ-ից էր, մյուսը` Գանայից:

XS
SM
MD
LG