Մատչելիության հղումներ

«Վրաստանը թաքցնում է ձերբակալված ռուսաստանցիներին»


Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողներից մեկի (կենտրոնում, անձը ճշտված չէ) ձերբակալությունը Բաթումիում
Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվողներից մեկի (կենտրոնում, անձը ճշտված չէ) ձերբակալությունը Բաթումիում

Պաշտոնական Մոսկվան Թբիլիսիից պահանջում է թույլատրել Ռուսաստանի դիվանագետներին` հանդիպել լրտեսության մեղադրանքով Վրաստանում ձերբակալվածների հետ` պարզելու, թե արդյո՞ք նրանց թվում Ռուսաստանի քաղաքացիներ կան:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` սադրանք գնահատելով այն փաստը, որ պաշտոնական Թբիլիսին «թաքցնում է» ձերբակալվածներին:

«Կա հյուպատոսական ընթացակարգ: Մենք պահանջում ենք հյուպատոսական այցելության հնարավորություն: Եթե նրանք մեր քաղաքացիներն են` մենք ուզում ենք դրանում համոզվել, իսկ այդ կապակցությամբ բանակցություններ չեն տարվում: Դա սադրանք է», - հայտարարել է Լավրովը:

Նոյեմբերի 5-ին Վրաստանի իշխանությունները հրապարակեցին Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված 13 մարդկանց անունները, եւ նշվեց, որ նրանցից 4-ը Ռուսաստանի քաղաքացիներ են` Արմեն Գեւորգյանը, Ռուբեն Շիկոյանը, Պետրե Դավրիշաձեն եւ Յուրի Սկրիլնիկովը: Միաժամանակ, վրացական լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին, որ նրանցից 3-ը երկքաղաքացիություն ունեն` ե'ւ Վրաստանի քաղաքացի են, ե'ւ Ռուսաստանի:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը այս գործը գնահատել էր որպես «սպիտակ թելերով կարված քարոզչական հնարք»:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին շքանշաններով պարգեւատրել է Սահմանադրական կարգի պահպանման դեպարտամենտի մի շարք աշխատակիցների` ռուսական լրտեսների գործը բացահայտելու համար: Նա գովաբանել է աշխատակիցներին «շատ կարեւոր եւ արդյունավետ գործողության համար»:

Սահակաշվիլին հայտարարել է, որ լրտեսական նոր սկանդալը չի սրի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ գործ ունեն «Վրաստանի տարածքները գրաված օկուպանտի հետ»:

Միաժամանակ, Վրաստանի նախագահը ասել է, թե իր երկիրը պատրաստ է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ առանց նախապայմանների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG