Մատչելիության հղումներ

Հայկական եւ վրացական հատուկ ծառայությունների համատեղ ջանքերով ուրանի մաքսանենգության փորձ է կանխվել


Ռուսաստան -- Նովոսիբիրսկի քիմիական հարստացման գործարանի արտադրության ուրանի պարկուճներ, Նովոսիբիրսկ, 2006թ.
Ռուսաստան -- Նովոսիբիրսկի քիմիական հարստացման գործարանի արտադրության ուրանի պարկուճներ, Նովոսիբիրսկ, 2006թ.

Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության արդյունքում ընթացիկ տարվա գարնանը ձերբակալվել են Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք փորձել են Վրաստանի տարածքում գերհարստացված ուրան իրացնել:

Մարտին վրաց իրավապահները ձերբակալել են 63-ամյա գործարար Սմբատ Տոնոյանին եւ 59-ամյա ֆիզիկոս Հրանտ Օհանյանին, իսկ ապրիլին համառոտ հաղորդագրություն էին տարածել Թբիլիսիում միջուկային նյութի մաքսանենգության փորձ բացահայտելու մասին։ Այն ժամանակ այս պատմության մանրամասները չեն հրապարակվել։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ապրիլին Ազգային անվտանգության մարմինների կողմից վերոնշյալ գործարքին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է նաեւ Հայաստանի քաղաքացի Գարիկ Դադայանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն հատկանիշով:

«Վերոհիշյալ հանցագործության բացահայտման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների միջեւ իրականացվել է սերտ համագործակցություն», - ասված է ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ:

Մաքսանենգները խոստովանել են


Անցած շաբաթավերջին Թբիլիսիում դռնփակ դատավարություն է սկսվել։ Պարզվել է, որ Տոնոյանը հավանական գնորդին բարձր հարստացման 120 գրամ ուրան վաճառելու համար 8 միլիոն դոլար է պահանջել, երկրորդ հանդիպման ժամանակ համաձայնել է գինն իջեցնել մինչեւ 1.5 միլիոն։

Տոնոյանը եւ Օհանյանը սահմանային հսկիչ սարքերը շրջանցելու համար կապարե թիթեղներով պատված «Մալբորո» սիգարեթի տուփով 18 գրամ բարձր հարստացման ուրան են տեղափոխել Վրաստանի մայրաքաղաք Երեւան-Թբիլիսի գնացքով` նպատակ ունենալով այն վաճառել մի անձնավորության, ով ներկայացել է որպես «միջուկային նյութով հետաքրքրված մի լուրջ կազմակերպության անդամ», սակայն իրականում վրացական հատուկ ծառայությունների գործակալ է եղել: Հյուրանոցում նրանք «գնորդին» ներկայացրել են 18 գրամ ուրան` որպես նմուշ: Հենց այդ պահին էլ սենյակ են ներխուժել իրավապահները։

Մաքսանենգները խոստովանական ցուցմունք են տվել. նրանք ասել են, որ ուրանը ստացել են Գարիկ Դադայանից, ով 2003 թվականին Վրաստանում ձերբակալվել է 180 գրամ ուրանի մաքսանենգության համար, այնուհետեւ` Վրաստանից փոխադրվել Հայաստան, դատապարտվել 2,5 տարվա ազատազրկման, սակայն որոշ ժամանակ անց ազատ է արձակվել։

Դադայանը, ենթադրաբար, այդ միջուկային նյութը Վրաստան է փոխադրել Նովոսիբիրսկից, որտեղ կա միջուկային վառելիքի վերամշակման գործարան։ Տարիներ առաջ տեղեկություններ են հրապարակվել այդ գործարանում միջուկային նյութի որոշ քանակի անհետացման մասին: Այժմ Դադայանը, փաստորեն, կրկին ձերբակալված է:

Վրաստանում ձերբակալվածներից մեկը` Տոնոյանը, ժամանակին զբաղվել է բիզնեսով, սակայն իր դիզած դրամագլուխը մսխել է խաղատներում։

Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակից Ռուբեն Մելոյանի հետ զրույցում հաստատել է, որ Հրանտ Տոնոյանը 1975-95 թվականներին աշխատել է ինստիտուտի տիեզերական ճառագայթման բաժնում, սակայն աշխատանքից հեռանալուց հետո խզել է բոլոր կապերը ինստիտուտի հետ:

Չիլինգարյանը հայտնել է, որ, որ ամենայն հավանականությամբ խոսքը ռազմական ռեակտորներում օգտագործվող հարստացված ուրանի մասին է, որը Հայաստանում ստանալ տեխնիկապես հնարավոր չէ:

Վրաստանի ներքին գործերի նախարարության վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանն ասել է, որ առգրավված ուրանի հարստությունը մոտ 90 տոկոս էր: Նա հաստատել է, որ վրացական կողմն այս ամբողջ օպերացիայի ընթացքում սերտորեն համագործակցել է հայկական կողմի հետ։

Ուտիաշվիլին նաեւ ասել է, թե կա ենթադրություն, որ միջուկային նյութը ձեռք է բերվել Նովոսիբիրսկում, սակայն «հասկանալի պատճառներով դա հնարավոր չէ պարզել ռուսական կողմի հետ համագործակցությամբ»` ակնարկելով ռուս-վրացական սրված հարաբերությունները։

Սմբատ Տոնոյանին եւ Հրանտ Օհանյանին կարող են դատապարտել առնվազն 10-ը տարվա ազատազրկման, Ուտիաշվիլիի խոսքերով, նրանք պատիժը կրելու են Վրաստանի քրեակատարողական հիմնարկներում։

Գարիկ Դադայանին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG