Մատչելիության հղումներ

Հայ կամավորն օգնում է կազմակերպել Հայիթիի նախագահական ընտրություները


Հայիթին լատինամերիկյան երկրներից առաջինն է անկախության հասել 1804 թվականին ստրուկների ապստամբության շնորհիվ: Այսօր Հայիթին նաեւ լատինամերիկյան ամենաաղքատ երկրներից մեկն է, որտեղ այս տարեսկզբին որոտացած երկրաշարժը ավելի է խորացրել աղքատությունը՝ երկրի տնտեսությունը եւ կենսապայմանները հասցնելով ծայրագույն աստիճանի:

Որպես Միավորված ազգերի կազմակերպության կամավոր` Վահագն Մուրադյանն անձամբ մեկնել է օգնելու աղքատ ու հպարտ Հայիթիին. տեղի ՄԱԿ-ի գրասենյակում նա մասնակցում է երկրի առաջիկա ընտրությունների կազմակերպմանը:

«Այստեղ տարրագույն պայմաններ անգամ գոյություն չունեն, բնակչությունը անվստահ է սեփական ուժերի նկատմամբ ու հույսը դրել է միայն միջազգային համայնքի վրա», - Հայիթիից «Մաքսլիբերթի»-ի հետ հեռախոսազրույցում պատմեց Վահագնը:

Վահագն Մուրադյանը Կարիբյան կղզում հաստատվել է չորս ամիս առաջ ու Հայաստան կվերադառնա միայն գարնանը:

Հայիթիի երկրաշարժի հետեւանքով ամենամեծ ավերածությունները մայրաքաղաք Պորտ-ո-պրանսն է տեսել, բայց անմխիթար վիճակում են նաեւ գավառները: Վահագնը ապրում է Վիլ դե Գոնեւ քաղաքում, որտեղ հաճախ ջրհեղեղներ են լինում, այդ պատճառով քաղաքում փողոցներ ու ճանապարհներ չկան. 3- 4 ժամ տեւող անձրեւը հեշտությամբ կարող է վերածվել ջրհեղեղի: - «Մարդիկ միշտ պետք է պատրաստ լինեն էվակուացիայի», - նշեց հայազգի կամավորը:

Քանի որ երկրի գավառները խմելու ջրի խնդիրներ ունեն, Վահագնը պատահական չի համարում, որ խոլերան երկրով մեկ տարածվել է գավառից: ՄԱԿ-ի տվյալներով` խոլերայից մահացել է 400-ից ավելի մարդ, հիվանդանոցները դժվարությամբ են հասցնում սպասարկել հիվանդներին:

ՄԱԿ-ը Հայիթիում ունի օժանդակող դեր, այսինքն` օգնում է իշխանություններին իրականցնել ժողովրդավարական կառավարում՝ չմիջամտելով ներքին գործերին: Առաջիկա նախագահական ընտրությունների համար գրանցված է 4.7 միլիոն ընտրող: Հայիթին այսօր փորձում է կանխատեսել հնարավոր քաղաքական ապագան, բայց երկրի համար դեռեւս մշուշում են ամենակենսական խնդիրների լուծումները:

XS
SM
MD
LG