Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 6-ի մամուլ


«Հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների դիլեման Հայաստանում կարծես թե գոյություն է ունեցել միշտ, ընդ որում` ունենալով օբյեկտիվ հիմքեր: Սակայն հատկապես 2008 թվականի նախագահական ընտրություններից եւ հետագա զարգացումներից հետո այդ դիլեման հանրության հասարակական-քաղաքական շրջանակների ու փորձագետների համար առավել արդիական է», - գրում է «Ժամանակ» օրաթերթը` գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը եւ շարունակում. - «Հատկապես այժմ, երբ Հայաստանը ընդհուպ մոտեցել է մի չերեւացող սահմանի, երբ արդեն նշմարվում են հերթական ընտրությունները, եւ ի վերջո բոլորը ուզում են իրենց համար հստակեցնել` արդյո՞ք ի վերջո արտահերթ զարգացումներն են Հայաստանում ինչ-որ բան փոխելու գրավականը, թե՞ հնարավոր է փորձել եւս մեկ անգամ ընտրության գնալ` փոփոխության հասնելու ակնկալիքով: Անխոս` Հայաստանի առկա իրավիճակը, բազմաթիվ խնդիրները, օրեցօր բարդացող կացությունը հուշում են եւ նույնիսկ պահանջում են արտահերթ զարգացումներ, որոնք ավելի ու ավելի կենսական են անհրաժեշտություն են կարծես թե դառնում: Բայց ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք կա արտահերթ զարգացումների հասնելու պոտենցիալ»:

«Առավոտ»-ի հարցին` ինչո՞վ կբացատրի վերջին շրջանում բանակի եւ նրա շուրջ ստեղծված աժիոտաժը, Աժգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ) պատասխանում է. - «Վերջին տարում բանակի շուրջ հրապարակայնությունը իրոք աննախադեպ մեծացել է: Բանակի յուրաքանչյուր դեպքի մասին բոլորը տեղյակ են լինում: Մինչդեռ խնդիրն այն է, որ որպեսզի առաջին հերթին կանխվեն այդ դեպքերը, ամեն ինչ անել, որպեսզի նմանատիպ դեպքեր տեղի չունենան: Եվ երկրորդը` եթե տեղի են ունենում, ապա պետք է յուրաքանչյուր դեպքի համար կատարվի պատշաճ եւ անկողմնակալ քննություն, եւ պետք է հետեւել, որպեսզի մեղավորները պատժվեն»: Հարցին, թե հատուկ միտում տեսնում է այն ամենի մեջ, ինչ կատարվում է բանակի ներսում եւ բանակի շուրջ, Կարապետյանը պատասխանում է, թե հատուկ միտում չի տեսնում, բայց եւ կարծում է. - «Կան դեպքեր, որոնց շուրջ մեկնաբանությունները եւ վերլուծությունները ճիշտ չեն, նույնիսկ մի քիչ ավելի չափազանցված են, քան իրականում է»: Կարապետյանն այնուհետեւ նշում է. - «Միշտ էլ բանակում նման դեպքեր եղել են, դրանք ունեն ե'ւ օբյեկտիվ, ե'ւ սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառների մեջ կարելի է դասել այն, որ մինչեւ այսօր բանակում օրենքի տեսքով չի գործում Զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը: Ընդամենը կա 1996 թվականին ընդունված կառավարության մի որոշում: Մեր հանձնաժողովն արդեն լսումներ է կազմակերպել այս նախագծի շուրջ եւ արդեն նախագիծն ուղարկել է միջազգային փորձաքննության»:

«Հրապարակ» թերթի խմբագրականն անդրադառնում է կառավարության երեկվա նիստում վարչապետի ելույթին եւ նրա հնչեցրած քննադատությանը. - «Երեկ Հայաստանի կառավարության նիստը շոուի վերածած վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանաբար խնդիր էր դրել ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակը եւ ընդունակ է աշխատանքից ազատել անգամ կոալիցիոն կուսակցությունների կողմից առաջադրված փոխնախարարներին: Նիստն ըստ էության երկու մասից էր կազմված` վերը նշված շոուից, որի ժամանակ նա նախարարներին հանձնարարեց կադրային փոփոխություններ անել` ազատելով ընդհուպ մինչեւ փոխնախարարների, եւ հակակոռուպցիոն պոպուլիզմից, որը հիացմունքով ներկայացրեցին հեռուստաընկերությունները` փորձելով կերտել կոռուպցիայի դեմ պայքարի մարտիկի հերոսական կերպարը: Իրականում մասնագետները տարակուսած են, թե ինչ չափերի կարող է հասնել երկրի գործադիր իշխանության ղեկավարի կամայականությունն ու օրենքի չիմացությունը: Երբ նա կառավարության նիստում հրահանգում է նախարարին` այսինչ քաղաքացիական ծառայողին «վաղը եւեթ» ազատել աշխատանքից, ի՞նչ է մտածում: Միթե այնքան անտեղյակ է, որ չգիտի` քաղծառայողները պաշտպանված են օրենքով, նրանց առանց հիմքերի, առանց ծառայողական քննություն անցկացնելու անհնարին է հեռացնել աշխատանքից»:

Մեկնաբանելով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի երեկվա այն հայտարարությունները, թե «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը ոսկու հանքերը շահագործել է ապօրինի` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իսկ ինչո՞ւ է այս գործարքը բացահայտվում հատկապես հիմա: Իշխանություններն առաջ չգիտեի՞ն այս ամենի մասին: Չգիտեին` թող թերթ կարդային. մամուլը տասնյակ անգամներ գրել է, որ Հայաստանի ոսկու հանքավայրերի շահագործումն իրականացվում է կասկածելի մեխանիզմներով, դրանում ներգրավված են օֆշորային գոտիներում գրանցված ինչ-որ կասկածելի ընկերություններ եւ այլն: Գուցե հատկապես հիմա են «բացահայտում», որպեսզի ինչ-որ կերպ հակազդե՞ն վերջերս պայթած կրիմինալ սկանդալներին: Իբր` տեսեք, մենք ինքներս ենք պայքարում կոռուպցիոն երեւույթների ու միջազգային հանցավոր սխեմաների դեմ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG