Մատչելիության հղումներ

Ֆիլիպ Գորդոն. «Միացյալ Նահանգները մեծ դեր է կատարում որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր»


Ֆիլիպ Գորդոնը ասուլիս է տալիս Երեւանում, 9-ը հուլիսի, 2009թ.
Ֆիլիպ Գորդոնը ասուլիս է տալիս Երեւանում, 9-ը հուլիսի, 2009թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում, ի շարս այլ թեմաների, անդրադարձել է նաեւ կովկասյան հակամարտություններին, այդ թվում Ղարաբաղյան կարգավորմանը։

Ռադիոկայանի հայկական ծառայությունը, մասնավորապես, վաշինգտոնյան թղթակցի միջոցով այս հարցով է դիմել բարձրաստիճան դիվանագետին. - «Հայաստանում կա այսպիսի մի կարծիք, թե Ռուսաստանն է ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններ կազմակերպելու եւ միջնորդելու առաջնորդի դերը, եւ դրա վերջին օրինակը Աստրախանում Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ անցկացված հանդիպումն է։ Արդյո՞ք Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան հօգուտ Ռուսաստանի նվազեցնում են իրենց դերակատարությունը Մինսկի գործընթացում»։

Պետքարտուղարի տեղակալը համաձայն չէ նման կարծիքին: «Կարծում եմ, դա նորություն կլինի պետքարտուղարի համար, ով չափազանց կենտրոնացած է այդ խնդրի վրա եւ բավական ժամանակ է տրամադրել դրա լուծմանը` աշխատելով Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ [հակամարտող] կողմերի հետ եւ հուլիսին այցելելով այդ երկու երկրները [Հայաստան եւ Ադրբեջան]», - ասել է Գորդոնը: - «Դա նորություն կլինի Մինսկի խմբում մեր բանագնաց դեսպան Ռոբերտ Բրադկեի համար, ով իր ֆրանսիացի եւ ռուսաստանցի գործընկերների հետ հսկայական ժամանակ է հատկացրել` այցելելով այդ երկրները։ Դա նորություն կլինի ինձ եւ այստեղ` Պետական դեպարտամենտում ուրիշների համար, որովհետեւ Միացյալ Նահանգները` որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, բայց նաեւ որպես Կովկասում կարեւոր խաղացող` մեծ դեր է կատարում։ Եվ մենք շատ կենտրոնացած ենք այդ խնդրի վրա, որովետեւ դա վտանգավոր կացություն է»։

«Շփման գծում շատ հաճախ են լինում միջադեպեր, մենք վճռական ենք Մինսկի գործընթացի միջոցով կարգավորում կայացնելու հարցում, որի բացակայությունը մշտապես մտահոգիչ վիճակ է ստեղծելու։ Դա կհանգեցնի երկու երկրների մեկուսացմանը այն դեպքում, երբ նրանք պետք է տնտեսության եւ դիվանագիտության առումով համագործակցեն։ Դա կստեղծի բախման հնարավորություն, ուստի մենք իսկապես շատ ենք զբաղվում այդ հարցով», - ընդգծել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG