Մատչելիության հղումներ

Ռիչարդ Կիրակոսյան. «Հայկական լոբբին ուժեղ է քան երբեւէ, ի տարբերություն թուրքական եւ ադրբեջանական լոբբիների»


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընտրությունները Հայաստանի համար նշանակալի էին նրանով, որ հայամետ թեկնածուների 90 տոկոսը վերընտրվեց:

Առաջիկայում Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ստացած հանրապետականները նախկինի համեմատ ավելի հայամետ դիրքորոշում են որդեգրելու: Միեւնույն ժամանակ, վերլուծաբանը համոզված է, որ Կոնգրեսում հակաթուրքական տրամադրությունները նույնպես ուժեղացել են:

«Ցեղասպանության հարցը հիմա ուժեղ հարց է, բայց հիմնականում թուրք-ամերիկյան եւ թուրրք-իսրայելական հարաբերությունների պատճառով: Ցեղասպանության բանաձեւերի քննարկման համար երկու պատճառ կա. Հանրապետականներն այժմ ուզում են օգտագործել այս բանաձեւը՝ Թուրքիային պատժելու համար: Երկրորդ. մեծ թվով նախկին թուրքամետ հանրապետականներ այժմ ցանկանում են Հայոց ցեղասպանության բանաձեւը ընդունել` Իսրայելի պատճառով», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Փորձագետի կարծիքով, Ցեղասպանության բանաձեւը կարող է քննարկվել սպասվածից շատ ավելի շուտ:

«Ցեղասպանության բանաձեւը կարող է քննարկվել դեռ հին Կոնգրեսի կողմից` մինչեւ նոյեմբերի 15-ը: Կամ էլ բանաձեւի քննարկումը կկայանա հունվարի 3-ից հետո` արդեն նոր ձեւավորված Ներկայացուցիչների պալատի կողմից: Այս դեպքում բանաձեւը պետք է նորից ներկայացվի, սակայն այդտեղ էլ որեւէ խնդիր չեմ տեսնում, քանի որ նորընտիր կազմը շատ ավելի հայամետ է», - նշեց Ռիչարդ Կիրակոսյանը. - «Ցեղասպանության ճանաչմանը նպաստող երրորդ գործոնը Ամերիկայի հայկական կազմակերպությունների քաղաքական ուժն է: Հայկական լոբբին ուժեղ է քան երբեւէ, ի տարբերություն թուրքական եւ ադրբեջանական լոբբիների, որոնց ազդեցությունը կտրուկ նվազել է հրեական լոբբիի հակազդեցության եւ նավթի գործոնի կարեւորության նվազման պատճառով»:

Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում նույնպես կարծիք հայտնեց, որ Միացյալ Նահանգներում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել, ինչը նաեւ նոր հնարավորություններ կտա աշխատելու: Մասնավորապես, Սպիտակ տունը նույն հակակշիռը չի ունենա Ներկայացուցիչների պալատի վրա, ինչ մինչ այժմ ուներ` Օբամայի պաշտոնավարման առաջին երկու տարիների ընթացքում:

«Խոսքը վերաբերում է ոչ միայն ցեղասպանության բանաձեւին, այլ նախաձեռնությունները, որոնք վերաբերում են Արցախին կամ Հայաստանի Հանրապետությանը` այդ բոլորի համար կստեղծվի շարժվելու նոր հնարավորություն, հատկապես հաշվի առնելով, որ այն թեկնածուները, որոնց աջակցում էր Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ավելի քան 90 տոկոսով ընտրվել են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը ասաց Մանոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG