Մատչելիության հղումներ

Բացվեցին մարզային հեռուստաընկերությունների մրցութային փաթեթները


Չորեքշաբթի օրը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովում (ՀՌԱՀ) բացվեցին 2011 թվականից թվային հեռարձակման համար մարզային հեռուստածրագրերի մրցույթին ներկայացված հայտերը:

Հանձնաժողովը հայտեր է ստացել 7 մարզերից, որոնցից միայն երկուսում կա մրցակցություն` Շիրակի եւ Կոտայքի մարզերում: Կոտայքում մրցում են Աբովյանի եւ Հրազդանի հեռուստաընկերությունները, Շիրակում` «Ցայգ»-ն եւ ԳԱԼԱ-ն:

Հեռուստաընկերությունների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց մրցութային առաջարկները:

ԳԱԼԱ հեռուստաընկերության խմբագիր Էդվարդ Մխիթարյանը առաջարկը ներկայացնելիս շեշտն առավելապես դրեց ընտրական գործընթացներն ակտիվ լուսաբանելու վրա` նշելով, թե ԳԱԼԱ-ն միակն է, որ ընտրություններում արձանագրված խախտումները նկարահանել եւ ներկայացրել է հեռուստադիտողին:

«Հենց այդ բացառիկությունն է պատճառ հանդիսացել, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ հեռուստաընկերությունը հայտնվեց ուժային եւ հարկային կառույցների ուշադրության կենտրոնում», - հայտարարեց նա` պնդելով նաեւ, որ իրենք որեւէ քաղաքական ուժ չեն ներկայացնում:

«Հեռուստաընկերությունը իր տեսադաշտում, իր կենտրոնում պահում է կոնկրետ մարդուն, մարդկային խնդիրները, այլ ոչ առանձին անձանց ու դեմքերին»,- իր հերթին հայտարարեց «Ցայգ»-ի տնօրեն Մարգարիտա Մինասյանը:

Նշենք, որ «Ցայգ»-ը հիմնադրվել է 1991 թվականին, ԳԱԼԱ-ն` 2005-ին:

ԳԱԼԱ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ հույս չունի թե իրենք կհաղթեն մրցույթում:

Այսօր Խաչատրյանը հավելեց, որ միտում է տեսնում նաեւ այն փաստում, որ բազմաթիվ հեռուստաընկերություններ մրցակից չունեն, իսկ իրենց դեպքում այդպիսին կա:

«Ես չեմ մեղադրում մեր «Ցայգ»-ին, որովհետեւ իրենք էլ պետք է մասնակցեն: Ավելի շատ այստեղ մեր հանձնաժողովը կամ մեր իշխանություններն են մեղավոր, որոնք Գյումրիի պես քաղաքին հատկացրել են ընդամենը մեկ հաճախականություն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը:

«Ցայգ»-ի տնօրենը հերքեց, թե մրցույթին իրենց մասնակցությունը ուղղորդված է եղել իշխանությունների կողմից:

Մրցութային առաջարկները, հիշեցնենք, ներկայացվել են մարզերում առաջիկա 10 տարիներին թվային հեռարձակում ապահովելու համար: Անկախ մրցույթի արդյունքներից, ե'ւ ԳԱԼԱ-ն, ե'ւ «Ցայգ»-ը մինչեւ 2015 թվականը անալոգային հեռարձակմամբ կլինեն եթերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG