Մատչելիության հղումներ

Գորան Բրեգովիչը բացառիկ համերգ կունենա Երեւանում


Գորան Բրեգովիչ
Գորան Բրեգովիչ

«Երեւանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 15-ին Մարզահամերգային համալիրում համերգով հանդես կգա երաժիշտ Գորան Բրեգովիչն իր Wedding and funeral orchestra-ի հետ միասին:

Երաժիշտ, կոմպոզիտոր Բրեգովիչին ճանաչում են ողջ աշխարհում եւ հատկապես այն մարդիկ, ովքեր սիրում են ժամանակակից, յուրօրինակ ու բազմազան ավանդույթներից սերող երաժշտություն Նրան ճանաչում ու սիրում են նաեւ այն մարդիկ, ում համար Էմիր Կուստուրիցան մեծագույն ռեժիսոր եւ կինոաշխարհի կենդանի դասական է, քանի որ Կուստուրիցայի հայտնի ֆիլմերի երաժշտության հեղինակը սերբ Գորան Բրեգովիչն է:

1998 թվականից Բրեգովիչը հանդես է գալիս իր «Հարսանիքների եւ թաղումների» նվագախմբով: Ինչպես նշում է Բրեգովիչի պաշտոնական կայքը, նվագախմբի երաժշտությունը պարունակում է արձագանքներ հրեական ու գնչուական հարսանիքներում հնչող, ուղղափառ ու կաթոլիկ եկեղեցինի հոգեւոր, ինչպես նաեւ բուլղարական ժողովրդական երաժշտությունից: Ինչպես Կուստուրիցան իր ֆիլմերում, այնպես էլ Բրեգովիչն իր երաժշտության մեջ արտացոլում է Բալկանների եւ գուցե նաեւ իր ծագման ու ընտանիքի բազմազանությունը. նրա հայրը խորվաթ է, մայրը՝ սերբ, իսկ կինը` մահմեդական:

Առաջիկա ամսվա ընթացքում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնը երեւանյան հանդիսատեսին հնարավորություն է ընձեռելու ունկնդրել նաեւ Պլասիդո Դոմինգոյին:

XS
SM
MD
LG