Մատչելիության հղումներ

ԵԽ-ի պատվիրակության ղեկավարը քննադատում է Ուկրաինայի տեղական ընտրությունները


Ուկրաինայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը ընտրատեղամասերից մեկում, 1-ը նոյեմբերի, 2010թ.
Ուկրաինայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը ընտրատեղամասերից մեկում, 1-ը նոյեմբերի, 2010թ.

Ուկրաինայում կիրակի օրը կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները չէին համապատասխանում մի շարք եվրոպական չափանիշների: Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Տեղական եւ ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի` Կիեւ ժամանած պատվիրակության ղեկավար Գուդրուն Մոսլեր-Տյորնստրյոմը:

Նրա խոսքերով` Եվրոպայի խորհրդում հույս ունեին, թե ընտրությունները ավելի թափանցիկ ու պրոֆեսիոնալ կերպով կազմակերպված կլինեն:

«Առանցքային խնդիրը Ընտրական օրենսգրքի նորացված տարբերակն էր, որի վերջնական տեքստը հաստատվեց ընտրություններից հաշվված շաբաթներ առաջ: Որպես հետեւանք` խնդիրներ ծագեցին թեկնածուների գրանցման եւ ընտրական հանձնաժողովների կազմի համալրման փուլում: Քվեարկության օրը խնդիրներ կային` կապված ընտրացուցակների, ընտրատեղամասերում մարդկանց կուտակումների հետ: Ձգձգվեց քվեների հաշվարկը` երբեմն այն շարունակվում էր ողջ գիշեր: Գրանցվել են նաեւ քվեատուփերի լցոնման առանձին դեպքեր», - նշել Մոսլեր-Տյորնստրյոմը:

Ներկայացված մեղադրանքները ուկրաինական իշխանությունները կտրականապես հերքում են: Վարչապետ Նիկոյալ Ազարովը, ելույթ
ունենալով Կիեւում, հայտարարել է. - «Ընտրությունները ընթացել են առանց վարչական ռեսուրսի կիրառման, ինչը բնական է: Ոչ ոք չի խանգարել մեր քաղաքացիներին արտահայտել իրենց կամքը»:

Չնայած այս պնդումներին, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կողմնակիցները հաստատակամ են` Գերագույն ռադայի չորեքշաբթի օրվա լիագումար նիստում բարձրացնել կիրակնօրյա ընտրությունների ժամանակ արձանագրված կեղծիքների հարցը:

Տիմոշենկոյի դաշինքը ներկայացնող պատգամավորները պատրաստվում են հատուկ անդրադառնալ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքում` Խարկովում ծավալված զարգացումներին: Այստեղ ծագած ընտրական սկանդալի գլխավոր գործող անձը Տիմոշենկոյի թիմակից Արսեն Ավագովն է, որը, պայքարելով Խարկովի քաղաքապետի պաշտոնի համար, տեղական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` Ռեգիոնների կուսակցությունը ներկայացնող Գենադի Կերնեսից մոտ 3 տոկոսով պակաս քվե է ստացել: Ավագովի շտաբը, սակայն, պնդում է, որ քվեների զուգահեռ հաշվարկ է իրականացրել, որի համաձայն` հայազգի գործիչը 400 ձայնով առաջ է անցել իշխանական թեկնածուից:

«Իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի գողանան մեր թեկնածուի հաղթանակը», - երեքշաբթի երեկոյան հայտարարել է Տիմոշենկոյի կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Կոժեմյակինը:

«Առնվազն 50 տեղամասերում մենք քվեների վերահաշվարկ ենք պահանջելու: Սրանք այն տեղամասերն են, որտեղից քվեաթերթիկներն ու արձանագրությունները պարունակող ծրարները քաղաքային ընտրական հանձնաժողով են հասել վնասված վիճակում: Բացի այդ, լուրջ տարբերություններ կան նախնական հաշվարկի արդյունքների եւ վերջնական արձանագրություններում տեղ գտած տվյալների միջեւ», - նշում են ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG