Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն ընդունել է բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է զոհված զինծառայողներ Արտակ Նազարյանի եւ Սամվել Խաչատրյանի հարազատներին:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ Արտակ Նազարյանի եւ Սամվել Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործերի նախաքննության ողջ գործընթացը գտնվում է իր անմիջական վերահսկողության ներքո, իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու եւ մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար:

Տավուշի մարզում` թիվ 21127 զորամասի դիրքերում հուլիսի 27-ին զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան (ըստ պաշտոնական վարկածի` ինքնասպանության հասցնելու) կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են տվյալ զորամասի 1-ին գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալը եւ 3 պարտադիր ժամկետային զինծառայողներ: Նազարյանի հարազատները պնդում են, թե տեղի ունեցածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն եւ քննիչները «կոծկում են» քրեական գործը:

Հադրութի զորամասերից մեկում հոկտեմբերի 3-ին մահացած շարքային զինծառայող Սամվել Խաչատրյանի մահվան գործով 7 մարդ է ձերբակալվել. մարտկոցի հրամանատարը, պարտադիր ժամկետային ծառայող 3 սերժանտ եւ 3 շարքային զինծառայող: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բռնություններ են գործադրել Սամվել Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը: Խաչատրյանի դին հոկտեմբերի 3-ին կախված վիճակում հայտնաբերվել էր զորամասի նկուղում:

Միաժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է ադրբեջանական գերության մեջ զոհված Մանվել Սարիբեկյանի հարազատներին` արտահայտելով իր խորին ցավակցությունը:

Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն տարածեցին, թե` Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, պնդում է, որ Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ էր, գերեվարվել էր սեպտեմբերի 11-ին «Լեռնային Ղարաբաղի հյուսիսարեւելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում»: Հայկական կողմից, սակայն, հայտարարել են, որ Սարիբեկյանը զինծառայությունն ավարտել անցած տարվա մայիսին եւ որեւէ կապ չունի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների հետ: Հայկական կողմը նաեւ կասկածի տակ է առնում Սարիբեկյանի ինքնասպանության վարկածը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG