Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը վարույթ չընդունեց «Մարտի 1»-ի հետ կապված հայցը


Վարչական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի 100-ից ավելի համակիրների հայցը Հայաստանի նախագահի ինստիտուտի եւ ուժային կառույցների` Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության եւ Պաշտպանության նախարարության դեմ:

2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններում տուժած այս քաղաքացիները դատարանից պահանջել էին ճանաչել Հայաստանի նախագահի ինստիտուտի գլխավորությամբ մարտի 1-2-ի հանրահավաքները բռնությամբ դադարեցնելու եւ դրանք սպանություններով զուգորդելու հետեւանքով իրենց կյանքի, անձեռնմխելիության, ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների խախտման փաստը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարչական դատարանը մերժել է հայցը վարույթ ընդունել` հիմնավորելով, թե վարչական դատավարության այն հոդվածը, որով վիճարկվում է այս մարմինների գործողությունների իրավաչափությունը, հայցադիմումում սխալ է մեկնաբանված:

Վարչական դատարանի որոշումը մինչեւ չորեքշաբթի ընդդիմությունը բողոքարկելու է վերաքննիչ ատյանում:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG