Մատչելիության հղումներ

«Գագաթնաժողովը կարող է որոշիչ լինել ՆԱՏՕ- Ռուսաստան հարաբերություների բարելավման հարցում»


Այսօր Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն է: Վերջին շաբաթների ընթացքում Մոսկվայում տարբեր փորձագետներ եւ պաշտոնյաներ ամենայն լրջությամբ քննարկում են անգամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունները:

Նոյեմբերի 19-20-ին Պորտուգալիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ներկա է լինելու նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ռուսաստան - ՆԱՏՕ համագործակցության հիմնական հարցերից մեկն այսօր համագործակցությունն է Աֆղանստանում: Ռուսաստանյան լրատվամիջոցները երեկ գրել են, թե Կրեմլը մտադիր է ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ Աֆղանստանում համագործակցության ֆորմատը: Հնարավոր է նաեւ, որ Ռուսաստանը ռազմական տեխնիկա ներմուծի Աֆղանստան:

«Պորտուգալիայում կայանալիք գագաթնաժողովը կարող է որոշիչ լինել Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի հարաբերությունների բարելավման հարցում», - Financial Times-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:

Նա հույս է հայտնել, որ գագաթնաժողովին, որին մասնակցելու է նաեւ Ռուսաստանի նախագահը, կողմերը համաձայնության կգան ե'ւ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի, ե'ւ Աֆղանստանում ավելի սերտորեն համագործակցելու հարցերում:

«Ռուսաստանը կարող է մասնակցել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծմանը, ինչպես նաեւ կարող է ավելի ակտիվորեն օգնել կոալիցիոն ուժերին Աֆղանստանում», - ասել է Ռասմուսենը:

Կրեմլը այսօր պնդում է, որ կողմերի միջեւ նախկինում «ծանրացած խնդիրները» լուծելու ցանկություն ունի, սակայն ընդգծում է, որ այդ համագործակցությունը պետք է «հավասար լինի» եւ «թելադրված լինի ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի շահերով»:

Ակնկալվում է, որ Պորտուգալիայում կայանալիք գագաթնաժողովին ներկա են լինելու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG