Մատչելիության հղումներ

Հայազգի կին շախմատիստները` Եվրոպայի առաջնության 3-րդ տեղում


Բուլղարական Պլովդիվ քաղաքում Եվրոպայի ակումբային առաջնությունում Հայաստանից մեկնած «Միկա» շախմատային ակումբի կանանց թիմը գրավել է 3-րդ տեղը՝ ցուցադրելով ավելի լավ արդյունք քան տղամարդ շախմատիստների հայկական թիմը, որը հայտնվել է 7-րդ հորիզոնականում:

«Միկա» ակումբի ղեկավար Աշոտ Վարդապետյանը թիմի հաղթանակը չի թերագնահատում, թեեւ նրանք առաջին հորիզոնականում չեն: Շախմատային ակումբի ղեկավարը նշեց, որ իրենք աշխատանքային նոր սկզբունք են որդեգրել, փորձում են հրաժարվել կամ այլեւս չհրավիրել օտարազգիներին հանդես գալու իրենց թիմում` փորձելով ստեղծել «ավելի հայկական» թիմեր:

Այս առաջնությունում առաջին տեղը գրավել է «Մոնակո» շախմատային ակումբը, երկրորդը` «Սանկտ-Պետերբուգը»:

Հայկական կանանց թիմի անդամ միակ այլազգին Հարիկա Դրոնովալին է` ամենարիտասարդը խմբում, իսկ Լիլիթ Գալոյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիլյանը մոտ են 30-ին, շախմատ խաղում են 6 տարեկանից, Չնայած հարուստ փորձին` ամեն նոր խաղ ու առաջնություն նրանց համար հուզիչ է ու լարված:

Լիլիթ Գալոյանն ասաց, որ իրենց թիմը ուժեղ է ու հույս հայտնեց, որ մի օր իրենք կվաստակեն շախմատային լուրջ ու պատվաբեր մրցանակ: «Վերջին երկու տարիների պարտությունները մեզ թեւաթափ էին արել», - ասում է շախմատիստուհին ու գանգատվում իրենց հանդեպ եղած «արհամարհական վերաբերմունքից»:

Առջեւում ամենադժվար փորձություններից մեկն է` աշխարհի շախմատի կանանց մրցաշարը, որին մասնակցելու են Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը:

XS
SM
MD
LG