Մատչելիության հղումներ

«Ծովահեններին» սպառնում է օրենքի ուժը


Շատ հաճախ ձայնասկավառակների ու տեսասկավառակների վաճառքի կետերից օգտվողների մտքով անգամ չի անցնում ստուգել կամ հարցնել՝ իրենք գնում են բնօրինակ ձայնասկավառակը, թե կեղծված, այսպես կոչված «ծովահենային» արտադրանքը: Հեղինակները պնդում են, որ խնդրի լուծումը օրենքի ուժ է պահանջում:

Երբեմն մարդիկ միտումնավոր են գնում անօրինականը, քանի որ, որպես կանոն, բնօրինակից ավելի քան կրկնակի էժան է: - «Թողարկումից մի քանի օր անց տարածվեց սկավառակի ծովահենային տարբերակները, ու հնարավոր չէ հետեւել այդ գործընթացին, կանգնեցնել հոսքը», - ասում է երգչուհի Սոֆի Մխեյանը` խոսելով իր ՝ «Լույս խավարում» ալբոմի մասին:

«Շարմ» ընկերության PR պատասխանատու Աննա Ավանեսյանի պնդմամբ`Հայաստանում բացակայում են իրավական մեխանիզմները, որոնց միջոցով խնդրիները կարող են լուծվել օրենքի սահմաններում: - «Եթե իրականում մենք իմանանք, որ կա ինչ-որ մեխանիզմ դրա դեմ պայքարելու, մեր գործն ավելի հեշտ կլինի. հղում կատարելով օրենքին` մենք կլուծենք մեր խնդիրները» - նշեց նա:

«Կարգին հողորդման» հեղինակներից դերասան Մկրտիչ Արզումանյանը պատմեց, որ իրենց թիմը նույնպես փորձել է պայքարել անօրինական կրկնօրինակների դեմ: - «Ամեն կերպ փորձել ենք պայքարել, բայց առանց պետության միջամտության հնարավոր չէ լուծել հարցը», - ասաց նա` ավելացնելով, որ ափսոսում են այն եռանդն ու գումարները, որ իրենք ծախսում են լավ որակի սկավառակ արտադրելու ու գնորդին հասցնելու համար:


«Աստղերի քաղաք» երաժշտության եւ ֆիլմերի խանութում, որտեղ հայկական արտադրանքի ողջ տեսականին օրինական է, մեզ հայտնեցին, որ իրենց վաճառքը չի տուժում այն պատճառով, որ նույն սկավառակի անօրինական տարբերակը մեկ այլ տեղ վաճառվում է հազար կամ երկու հազար դրամով էժան, քանի որ, նրանց խոսքով, «իրենց հաճախորդները կարեւորում են որակը»:

Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում հսկիչ նշանների` դրոշմապիտակների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին օրենքի երրորդ ընթերցումն էր, իսկ օրենքը ուժ կստանա 2011 թվականի մարտի 1-ից: Այն սահմանում է մշակույթի, գրականության, գիտության, արվեuտի բնագավառների uտեղծագործությունների հեղինակների, կատարողների, հնչյունագրեր, ֆիլմեր, համակարգչային ծրագրեր եւ տվյալների բազաներ արտադրողների ստեղծագործությունները, սկավառակների վրա ձայնագրված կատարումները հսկիչ նշաններով դրոշմավորման, հաշվառման, օգտագործման եւ պահպանման կարգը, եւ օրենքի խախտման համար պատասխանատվությունը:

XS
SM
MD
LG