Մատչելիության հղումներ

Ընթանում է երիտասարդ հնագետների ու ազգագրագետների գիտաժողովը


Հոկտեմբերի 25-27-ը Երեւանում անցկացվում է Հնագիտություն եւ ազգագրության ինստիտուտի երիտասարդ գիտնականների 12-րդ գիտաժողովը, որը մինչեւ հիմա հիմնականում տեղական բնույթ է կրել` հյուրընկալելով փոքր թվով Հայաստան ժամանած մասնակիցների. այս տարի գիտաժողովի մասշտաբները մեծացել են` ընդգրկելով 75 երիտասարդ գիտնականներ իրենց 78 զեկույցներով:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ եւ երիտասարդական գիտաժողովի կազմակերպիչներից Ռոման Հովսեփյանը նշեց, որ բոլոր մասնակիցները մինչեւ 35 տարեկան են:

Երիտասարդական գիտաժողովն այս տարի անցկացվում է «Հայաստանի եւ հարակից երկրների ազգաբանություն եւ հնագիտություն» խորագրի ներքո: Զեկուցողների շարքում 15-ը արտերկրից են` հիմնականում Վրաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից:

«Հետխորհրդային Հայաստանում առաջին անգամ է շրջանառության մեջ դրվում ազգաբանություն տերմինը. սա այս նախաձեռնության երիտասարդական նորարարությունն է», - նշեց գիտաժողովի կազմակերպիչներից Համլետ Մելքումյանը

Երիտասարդական այս գիտաժողովի կազմակերպիչները կարծում են, որ անփորձ գիտնականների համար սա լավ հնարավորություն է ներկայացնել իրենց ուսումնասիրույթունները, բացի այդ, այս կերպ ավելի ավագ մասնագետները հնարավորություն ունեն պարզել, թե ինչով են զբաղվում կամ հետաքրքրվում իրենց կրտսեր գործընկերները:

XS
SM
MD
LG