Մատչելիության հղումներ

Թեհրանում կայացել է Իրանի նախագահի հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ


Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Իրանի ղեկավարին՝ այցելելու Հայաստան։

Տիգրան Սարգսյանը Իրանի նախագահի հետ խոսել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի մասին, ասել է, որ Իրան կատարած այս այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռեւս զիջում են բարձր մակարդակով քաղաքական հարաբերություններին։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ Իրանի նախագահը նշել է, որ տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որեւէ սահմանափակում չկա եւ Իրանը պատրաստ է օժանդակել բոլոր նախաձեռնություններին։

Իրանական պաշտոնական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մահմուդ Ահմադինեջադն ասել է, թե տարածաշրջանի երկրները կարող են անվտանգություն ապահովել միասին` ընդլայնելով երկկողմ հարաբերությունները։

ԻՍՆԱ գործակալությունը մեջբերում է Ահմադինեջադի խոսքերը. - «Տարածաշրջանի երկրները հնարավորություն ունեն բավարարելու իրենց բոլոր կարիքները եւ տարածաշրջանում անվտանգություն ապահովել երկկողմ հարաբերությունները ընդլայնելու միջոցով»:

Ահմադինեջադն ասել է, թե Թեհրանն ու Երեւանը գոհ են դրական եւ զարգացող կապերից, ընդհանուր մոտեցումներ ունեն եւ հնարավոր է բոլոր բնագավառներում զարգացնել երկկողմ համագործակցությունը։

Նախօրեին Տիգրան Սարգսյանը հանդիպել էր Իրանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի հետ: Հանդիպմանը Ռահիմին ասել էր, թե Իրանը ոչ մի սահմանափակում չի տեսնում Հայաստանի հետ հարաբերություններն ու կապերը զարգացնելու համար։

Ըստ ԻՌՆԱ գործակալության Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը Իրանի փոխնախագահը գնահատել է որպես կարեւոր քայլ երկկողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG