Մատչելիության հղումներ

«Կովկասը. Ներածություն»


Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ գտնվող գեղեցիկ, լեռնային, բարեբեր տարածքում շատ հաճախ են կռվել։ Վերջին անգամ` 2008 թվականի օգոստոսին պատերազմել են Ռուսաստանն ու Վրաստանը։ Եվ դա անակնկալ չէր, լարվածությունը Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող Աբխազիայի եւ Հարավային Օսիայի շուրջ ամիսներ շարունակ է աճել։

Անդրադառնալով Թոմաս դե Վաալի նոր գրքին` «Էկոնոմիստ» հանդեսը նշում է, որ հեղինակի համոզմամբ, Կովկասում բոլոր պատերազմներն անցյալի եւ ներկայի համար են, եւ հասկանալու համար այդ տարածաշրջանն անհրաժեշտ է դրա պատմությունն իմանալ։

Նախկիմում լրագրող Թոմաս դե Վաալն այժմ Վաշինգթոնում աշխատում է Միջազգային խաղաղության Քարնեգիի հիմնադրամում, նա տարածաշրջանի, հատկապես Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Չեչնիայի հարցերով փորձագետ է, մի շարք գրքերի հեղինակ։

«Էկոնոմիստ»-ն ափսոսանքով է նշում, որ նոր գրքում հեղինակը չի արծարծել Ռուսաստանի առավել անկայուն եւ վտանգավոր շրջանի` Չեչնիայի խնդիրը։

Նա համառոտ ներկայացրել է տարածքի պատմությունը, բայց նույնիսկ այդ սեղմ ձեւաչափում կարողացել է փոխանցել մի քանի չափազանց ուշագրավ հանգամանքներ, օրինակ, այն, որ Կովկասում է աշխարհում լեզուների ամենաբարձր խտությունը եւ որ 1900 թվականին աշխարհում Ադրբեջանն էր առաջինը նավթարդյունահանողների շարքում։

Սակայն պատմությունն իրական զարգացում է ստացել այն ժամանակ, երբ Ռուսաստանում 1917 թվականի հեղափողության հետեւանքով հարավկովկասյան երեք երկրները ձեռք են բերել անկախություն, որը երկար չի տեւել։ Վերջին զարգացումների համատեքստում մեծ հետաքրքրությամբ ես ընթերցում այն մասին, որ 1918 թվականին մենշեւիկյան Վրաստանը դաժան պատերազմ է մղել` Աբխազիան կլանելու համար։

Ի վերջո, Կարմիր բանակը հսկողություն է սահմանել այդ երեք երկրների նկատմամբ եւ դրանք դարձել են Խորհրդային միության մասը։ Այն, որ Ստալինը վրացի էր, որեւէ կերպ տարածաշրջանը վայրագություններից չի փրկել։ Միաժամանակ, հեղինակը նշել է, որ խորհրդային կարգը ոչ բոլոր առումներով էր բացասական Կովկասի համար, որը հիմնականում խուսափել է Երկրորդ աշխարհամարտի ավերներից եւ հետագայում դարձել խորհրդային վերնախավի հանգստի սիրված վայրը։

Զարմանալի զուգադիպությամբ, Ռուսաստանի բոլոր երեք վերջին արտգործնախարարները առնչություն ունեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հետ։ Թոմաս դե Վաալը նշել է, որ ներկայիս նախարար Սերգեյ Լավրովի մայրը ազգությամբ հայ է Թբիլիսիից։

Թոմաս դե Վաալի փոխանցմամբ, Խորհրդային Միության փլուզումն է հանգեցրել այսօրվա խնդիրների մեծ մասը։ Ազգայնամոլության բռնկումը, որին նպաստել է մտավորականության մի հատվածը, պատերազմի է հանգեցրել Վրաստանի ներսում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

Դրա այսօրվա արդյունքը Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի «սառեցված հակամարտություններն» են։ «Էկոնոմիստ»-ը նշում է, որ դե Վաալը արդարացիորեն չի հավանում «սառեցված հակամարտություն» տերմինը, որովհետեւ Ղարաբաղի շփման գծում շարունակ զինվորներ են զոհվում, իսկ 2008 թվականի պատերազմն էլ վկայում է, թե որքան արագ է «սառեցված հակամարտությունը» հասնում եռման կետին։

Հանդեսը նշում է, որ Թոմաս դե Վաալի այս գրքի ընթերցումից հանգում ես մի կարեւոր եզրակացության` Արեւմուտքի անտարբերության մասին։ Այն դրսեւորվել է 90-ականներին, երբ Ռուսաստանը հրադադարը հսկելու եւ խաղաղապահներ ուղարկելու ազատություն է նվաճել, թեպետ ակնհայտորեն հանդիսացել է շահագրգիռ կողմ։

Դրանից տասը տարի անց Արեւմուտքը ոգեւորվել է Միխեիլ Սահակաշվիլիի «վարդերի հեղափոխությամբ» եւ խոսել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հնարավորության մասին, սակայն օգնության չի եկել Սահակաշվիլիին, երբ վերջինս չափն անցել ու 2008-ի աղետալի պատերազմն է հրահրել։

ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսակցություններն ավարտվել են, իսկ Բրյուսելում ոչ ոք չի խոսում Եվրամիությանն այդ երեք երկրների անդամակցելու հեռանկարի մասին։

Թերեւս լավագույն դասը, որ երեք երկրները կարող են քաղել, այն է, որ դրսից աջակցություն եւ միջամտություն ակնկալելու փոխարեն հարկ է հայացքը ներս ուղղել եւ սեփական ուժերով սեփական կարիքները հոգալ։

Ի դեպ, «Էկոնոմիստ»-ը նշում է, որ Թոմաս դե Վաալը որոշ չափով օբյետիվ չէ Սահակաշվիլիի վերաբերյալ. այո, ինչպես պատերազմի ընթացքը վկայեց` նա չափից դուրս կամակոր է եւ հեղինակապաշտ, բայց դրա հետ մեկտեղ նա կարողանում է արդիականացնել եւ բարեփոխել Վրաստանը, ձերբազատվելով խորհրդային ժառանգության մնացորդներից։

Ապա «Էկոնոմիստ»-ը գրում է. - «Եթե Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանան հետեւել Վրաստանի օրինակին, Կովկասը կբարգավաճի, ինչը, վստահաբար, կոնֆլիկտները լուծելու լավագույն ուղին է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG