Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները վստահ են, որ դատարանը մերժելու է իրենց հայցը


Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները վստահ են, որ Կոնգրեսի 100-ից ավելի համակիրների հայցը վարչական դատարան` Պաշտպանության նախարարության, Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության դեմ` Հայաստանի նախագահի գլխավորությամբ 2008-ի մարտի 1-2-ի հանրահավաքները բռնությամբ դադարեցնելու եւ դրանք սպանություններով զուգորդելու հիմքով, մերժվելու է:

Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀԱԿ-ի անդամ, Հայաստանի նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ասաց, որ հայցադիմումը կազմելու ու դատարան ներկայացնելու նպատակը ստիպելն է, որ «իշխանությունները կատարեն մարտիմեկյան դեպքերի իրական քննություն»:

«Եթե մեր վարչական դատարանը այնքան համարձակություն եւ քաջություն ունենա ընդունել այդ իրավունքների խախտումները, սա շատ կարեւոր գործոն կլինի, որպեսզի թե' իրականում բեկանվեն եւ վերանայվեն մեր դատարական համակարգում այս բոլոր ազատազրկվածների, պատիժները կրած մեր քաղբանտարկյալների, կրող մեր քաղբանտարկյալների քրեական գործերը, այնպես էլ շարունակություն տեղի ունենա մարտի 1-ի այդ դեպքերի իրական հանգամանքների բացահայտման», - ասաց Ջհանգիրյանը` հավելելով, այդուհանդերձ, որ վստահ է, որ դատարանը մերժելու է հայցը:

«Որովհետեւ դա կլինի այս իշխանությունների [կողմից] ընդունումը այն փաստի, որ Հայաստանի Հանրապետության նախագահը, գործադիր մարմինների գլխավորությամբ, խախտել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարեւորագույն իրավունքներն ու ազատությունները», - հայտարարեց Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանը հավելեց, որ ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո նույնաբովանդակ հայց է ներկայացվելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը «ողջունելի» որակեց ընդդիմադիրների քայլը:

«Մի բանը կարեւոր է` որ մարդիկ գիտեն, որ գոյություն ունի դատարան եւ ընտրում են դատական պաշտպանության ուղին, ինչը ողջունելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG