Մատչելիության հղումներ

«Լրագրողներ առանց սահմանների»-ն Հայաստանում մամուլի ազատության առաջընթաց է արձանագրում


«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության 2010 թվականի զեկույցը, որտեղ Հայաստանը 101-րդ տեղում է։

Նախորդ տարվա համեմատ Հայաստանը 10 կետով առաջընթաց է արձանագրել. լրագրողական նույն կազմակերպության նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 111-րդն էր։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը այս կապկացությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առաջընթացը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ վերջին տարվա ընթացքում ավելի քիչ էին բռնությունները լրագրողների հանդեպ, քան նախորդ տարվա ընթացքում։

Նա կարծիք հայտնեց, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, հնարավոր է, հաշվի է առել նաեւ Հայաստանում կատարված օրենսդրական բարեփոխումը, որով ապաքրեականացվել է զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքը։

«Լրագրողներ առանց սահմանների»-ն դիտարկել է 178 երկիր։

Հարավային Կովկասի երկրներից Վրաստանը այս ցանկում Հայաստանի հարեւանն է. Վրաստանում մամուլի ազատության նահանջ է արձանագրվել, եւ 2010-ի ցանկում այդ երկիրը 99-րդն է։ Ադրբեջանում մամուլի ազատության ցուցիչը վատ է, եւ այն ցանկի 152-րդ երկիրն է` Պակիստանի, Բելառուսի, Ղրղըզստանի հարեւանությամբ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը երկրների ցուցիչը որոշում է ավելի քան 40 չափորոշիչներ պարունակող հարցաշարով։ Աշխարհով մեկ դիտարկվում են մամուլի նկատմամբ ճնշումները, բռնությունները, յուրաքանչյուր երկրում լրագրողների եւ լրատվամիջոցների ազատության աստիճանը եւ կառավարությունների ջանքերը` մամուլի ազատությունը հարգելու եւ ապահովելու համար։

Մամուլի ազատության առաջատար երկրները շարունակում են մնալ Հյուսիսային Եվրոպայի պետությունները` Ֆինլանդիան, Իսլանդիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Շվեդիան։

Իսկ ընդհանուր Եվրոպայում զեկույցը արձանագրում է մամուլի ազատությունների նվազում, որի վրա ազդեցություն են թողել Բալկանյան ու Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրների վատ ցուցիչները։

Զեկույցը մեծ նահանջ, ձախողում է արձանագրում Ուկրաինայում, Հունաստանում, Ղրղըզստանում, Ֆիլիպիններում։

Ամենավատ ցուցիչներն ունեն ու աղյուսակի ամենավերջին տեղերում են ասիական ու աֆրիկյան մի շարք երկրներ` Սուդանը, Սիրիան, Բիրման, Իրանը, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Ժյուլյարը զեկույցի նախաբանում նշում է, որ «մամուլի ազատության պաշտպանությունը շարունակում է պայքար մնալ»։ «Հին Եվրոպայի ժողովրդավար երկրներում դա պայքար է զգոնության համար, իսկ դեռ աշխարհով մեկ փռված ամբողջատիրական ռեժիմներում այն պայքար է ճնշումների եւ անարդարությունների դեմ», - ընդգծել է Ժյուլյարը:
XS
SM
MD
LG