Մատչելիության հղումներ

Փորձ է արվում Հայաստանում «իսկապես հանրային» հեռուստատեսություն ստեղծել


Հայաստանում ստեղծվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամ, որի նպատակը հանրության կարիքները իսկապես բավարարող հեռուստատեսություն ունենալն է: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը:

Բարսեղյանը նորաստեղծ հիմնադրամի 9-հոգանոց հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկն է: Անդամների թվում են նաեւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ հանրությանը հայտնի այլ անձինք:

Ըստ Բարսեղյանի, Հայաստանում իսկապես հանրային հեռուստատեսության ստեղծումը իրենք տեսնում են «Ա1+»-ին եթեր վերադարձնելու միջոցով, որը հայաստանյան հեռուստադաշտում կկարողանա ապահովել կարծիքների բազմազանություն: Այսօր նախաձեռնության հեղինակները տարածեցին մամլո հաղորդագրություն, ուր ասված է, թե մտադիր են դրամահավաք անցկացնել` հեռուստակապուղիների առաջիկա մրցույթին «Ա1+»-ի հայտը ամրապնդելու համար: Ֆինանսական միջոցները կհատկացվեն նաեւ ժողովրդական հեռուստաարտադրանքի ստեղծմանը:

«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հայաստանում մտահոգված են ազատ խոսքի սահմանափակմամբ, ուստի եւ որոշվել է «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի ստեղծմամբ աջակցել խոսքի ազատության ամրապնդմանը:

«Երեւի հիմնական պատճառներից մեկը այն է եղել, որ այդ 9 հոգին, ովքեր հավաքվել են` հիմնադրամի հոգաբարձուները, որոշեցին ժողովրդին դիմել եւ նրանց օգնությամբ մոնիթորինգի տակ պահել անցկացվող մրցույթը, իսկ ժողովրդի քվեարկության ձեւը ընտրվեց, երեւի, գումարային ներմուծումներով, որը հետագայում հիմնադրամը մտադրություն ունի հաղորդումների պատվերներ իջեցնել «Ա1+»-ին», - ասաց Մովսեսյանը:

Մեսրոպ Մովսեսյանը նաեւ տեղեկացրեց, թե «Ա1+»-ը ներկայացնելու է իր հայտը հեռուստակապուղիների համար նախատեսված առաջիկա մրցույթին:

«Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի այսօր տարածած մամլո հաղորդագրության մեջ կա նաեւ հետեւյալ ձեւակերպումը` «հիմնադրամը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատանքը հասարակության շահի դաշտ բերելու» գործողություններ է իրականացնելու:

ՀՌԱՀ-ից հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբանել նշված ձեւակերպումը:
XS
SM
MD
LG