Եվրամիության դիվանագիտական կորպուսը ղեկավարելու է արտաքին քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ բրիտանուհի Քեթրին Էշթոնը, որին քաղաքական մամուլում անվանում են նաեւ «Եվրոպական միության արտգործնախարար»։
Երեքշաբթի օրը Էշթոնը գովեստով է խոսել հիմնական քաղաքական խմբավորումների համաձայնության մասին` ասելով. - «Դա ընձեռում է մեր հռչակած նպատակներին հասնելու հնարավորություն: Եվրամիության ցանկացած քաղաքացուն է վերաբերում այն, ինչ մենք անում ենք արտաքին քաղաքականության, առեւտրի, զարգացման եւ ահաբեկչության դեմ պայքարի բնագավառներում։ Համոզված եմ, որ հենց այս ծառայությունն է կոչված զբաղվելու այդ խնդիրներով»։
Կառույցը սկսելու է աշխատել այս տարեվերջից։ Մինչդեռ, ինչպես նշում է Բրյուսելում հավատարմագրված «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ահթո Լոբյակասը, Եվրամիության նորեկ փոքր պետություններում կա մտահոգություն, որ Արտաքին գործողության ծառայությունը կարող է հայտնվել խոշոր տերությունների դիվանագետների ազդեցության տակ, քանի որ նրանք առանցքային պաշտոններ եւ կշիռ են ունենալու այդ կառույցում։
Առաջին շրջանում այդ «նորեկ» երկրներից ընդամենը չորս ներկայացուցիչ է պաշտոններ ստանալու մոտ երեք տասնյակ հաստիք ենթադրող ծառայությունում։ Հանձնակատար Մարոս Շեւչովիչն ասել է, որ այդ մտահոգությունը հաշվի է առնվել, սակայն դրա համար մի քանի տարի է պետք։
«Փոխզիջումը ներառում է պայման, որ ծառայության կազմավորման հարցում անպայման տեղ կգտնի աշխարհագրական եւ գենդերային հավասարակշռության սկզբունքը։ Դա կյանքի կկոչվի 2013 թվականից», - ասել է հանձնակատարը:
Արտաքին գործողության ծառայության, ինչպես նաեւ այլ հաստատությունների ստեղծումը նախատեսվել է անցյալ տարվա դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած Եվրամիության բարեփոխման Լիսաբոնի պայմանագրով։