Մատչելիության հղումներ

Մարի Յովանովիչը հայ համայնքի հետ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում


«Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի թղթակցին տրած բացառիկ հարցազրույցում Մարի Յովանովիչը պատմեց իր հանդիպումների մասին` նշելով, թե այցելությունը Միացյալ Նահանգների հայաշատ քաղաքներ ավանդույթ է դարձել: Դեսպանի խոսքով, իրեն հետաքրքիր է տեղեկանալ, թե ինչ են անում ամերիկահայերը Հայաստանի համար, եւ ինքն էլ այդ հանդիպումներում ներկայացնում է, թե ինչ է անում Միացյալ Նահանգները Հայաստանի համար:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով են ամերիկահայերը հետաքրքվում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքով, մամուլի ազատության հարցերով` ի հավելումն ԱՄՆ-ի Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչմանը ու Մինսկի խմբում Միացյալ Նահանգների դերակատարությանը վերաբերող խնդիրներին, ԱՄՆ-ի դեսպանը ասաց. - «Բոլոր այդ հարցերը շոշափվել են. Հայաստանի տնտեսության հարցը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման հարցը։ Եվ, իհարկե, ես ներկայացրեցի Միացյալ Նահանգների դիրքորոշումը այս հարցերում։ Կարեւորն այն է, որ ամերիկահայ համայնքը չափազանց հետաքրքրված է այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանում»:

Յովանովիչը հավելեց, որ ամերիկահայերը հետաքրքրվել են նաեւ Հայաստանի անվտանգության հարցերով, եւ հարցրել են, թե ինչ է անում Միացյալ Նահանգները Հայաստանին օգնելու համար։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ Ղարաբաղի մայրաքաղաքը անվանվել Խանքենդի, արդյոք սա քաղաքականությա՞ն փոփոխություն է, թե՞ Բաքվի կողմից գործադրված ճնշման արդյունք, ԱՄՆ-ի դեսպանը ասաց, թե քաղաքականության որեւէ փոփոխություն չի տեսնում:

«Ես ծանոթ եմ հայտարարությանը, եւ կարծում եմ, որ Մինսկի խմբի համանախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը նշված է իբրեւ Ստեփանակերտ / Խանքենդի: Համանախագահները մայրաքաղաքը այդպես են անվանել նաեւ անցյալում», - ասաց Յովանովիչը։

Դեսպանը անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան նշանակելու խնդրին: Մեթյու Բրայզայի թեկնածությունը առաջադրելու` Սպիտակ տան որոշումը քննադատության տեղիք է տվել։ Այժմ այդ հարցը առկախված է Սենատում՝ հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի կողմից։

«Դա ակնհայտորեն ԱՄՆ-ի Սենատի որոշելիք հարցն է։ Մեթյու Բրայզան վայելում է նախագահի եւ պետքարտուղարի լիակատար վստահությունը։ Նա շատ լավ փորձառություն ունի այս պաշտոնի համար, եւ պարզ է, որ մենք հուսով ենք, որ նա կհաստատվի։ Սակայն, կրկնում եմ` սա ԱՄՆ-ի Սենատի գործն է», - այս առթիվ ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը։

Հոկտեմբերի 10-ին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման 1 տարին. գործընթաց, որը գրեթե ամբողջությամբ խափանվել է։ Հարցին, թե ինչ կարծիքի է ԱՄՆ-ի դեսպանը, հնարավո՞ր է արդյոք գործընթացը վերսկսել, Յովանովիչն արձագանքեց. - «Պարզապես անհնար է պատկերացնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները ընդմիշտ փակ են լինելու։ Կարծում եմ` ինչ-որ մի կետում հարմար պահ է ստեղծվելու, եւ Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է օգնելու կողմերին` առաջ շարժվել։ Կան արձանագրություններ։ Մենք հուսով ենք, որ ինչ-որ մի պահի երկրները կցանկանան վավերացնել դրանք եւ առաջ ընթանալ հարաբերությունների նորմալացման ճանապարհով։ Այժմ մենք կենտրոնացած ենք այդ երկրների ժողովուրդներին միմյանց մոտեցնելու փորձերի վրա։ Վստահության ստեղծման տարբեր միջոցառումներով փորձում ենք փոխանակում կազմակերպել քաղաքացիական հասարակությունների միջեւ»։

Նշելով, որ վստահության ամրապնդման միջոցառումները շատ կարեւոր են փոխըմբռնման մթնոլորտի ստեղծման համար` դեսպանը փաստեց, որ դրանք կարող են օգնել նաեւ քաղաքական գործիչներին, որոնք հայտնվել են դժվարին խնդիրների առջեւ:

Անդրադառնալով Աղթամարի հայկական եկեղեցու խաչի խնդրին, որը անցած ամիս լրացուցիչ լարվածության առիթ դարձավ հայ-թուրքական հարաբերություններում, եւ բազմաթիվ հայեր, ի նշան բողոքի, հրաժարվեցին մասնակցել հայկական եկեղեցում անցկացվող պատմական պատարագին` Մարի Յովանովիչը ընդգծեց, որ խաչն այժմ արդեն տեղադրված է եկեղեցու վրա, եւ դա դրական քայլ որակեց` կարեւորելով նաեւ եկեղեցում պատարագ մատուցելու փաստը։

«Հուսով եմ, որ նման բաներ ավելի շատ կլինեն, եւ հայերն ու թուրքերը կարող են առաջ շարժվել։ Նրանք հարեւաններ են, եւ կարեւոր է փոխըմբռնման ճանապարհներ որոնելու փորձեր կատարել: Դա դժվար է, դժվար է` պատմության պատճառով, շատ առումներով է դժվար։ Բայց ես, իրականում, այլընտրանք չեմ տեսնում», - ասաց Մարի Յովանովիչը։

Վերջում ԱՄՆ-ի դեսպանը անդրադարձավ հայ-իրանական հարաբերություններին։

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին անցած շաբաթ Երեւանում էր։ Նա բարձր էր գնահատել հայ-իրանական խորացող կապերը` միաժամանակ դատապարտելով ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում։

Հարցին, թե արդյոք Վաշինգտոնին մտահոգում է հայ-իրանական մերձեցումը, Յովանովիչը պատասխանեց. - «Երբ նայում ես քարտեզին, ապա ակնհայտ է, որ Իրանը Հայաստանի հարեւաններից մեկն է, եւ վերջին տարիների ընթացքում այն կարեւոր հարեւան է եղել, քանի որ Իրանը Հայաստանի համար ապահովում երկու բաց սահմաններից մեկը: Առեւտրի, էներգետիկայի հարցերով սա կարեւոր հարաբերություն է։ Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ երկկողմանի են։ Հստակ է, որ Միացյալ Նահանգները մտահոգություններ ունի Իրանի միջուկային հավակնությունների շուրջ։ Եվ մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, կկատարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ պատժամիջոցների պահանջները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG