Մատչելիության հղումներ

Կալանավորված ընդդիմադիրներին ազատելու գործում ներգրավվելու են Եվրոպական լիբերալ կուսակցությունները


Արամ Մանուկյան, ՀՀՇ-ի վարչության նախագահ
Արամ Մանուկյան, ՀՀՇ-ի վարչության նախագահ
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արամ Մանուկյանը Հայաստանի իշխանություններին եւս մեկ անգամ կոչ է անում ազատ արձակել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո քաղաքական շարժառիթներով կալանավորված ընդդիմադիրներին:

Երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Արամ Մանուկյանը հայտարարեց, որ ՀՀՇ-ն եւ ՀԱԿ-ը օգտագործելու են իրենց քաղաքական ողջ զինանոցը` օր առաջ այս խնդիրը լուծելու համար:

Ասվածի ապացույցը, ըստ ընդդիմադիր գործչի, անցած շաբաթ Հելսինկիում Եվրոպայի Lիբերալ-դեմոկրատների կուսակցության ընդունած բանաձեւն է: Այդ քաղաքական միավորման մեջ ընդգրկված 58 քաղաքական ուժերը, որոնց մեջ է նաեւ ՀՀՇ-ն, «կոչ են անում Հայաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ վերջ տալ ընդդիմախոսներին հետապնդելու պրակտիկային»:

«Ամբողջ աշխարհը, բոլոր կառույցները արձանագրել են, գիտեն իրականությունը, որ որեւէ մեղք գործած մարդ մենք չունենք նստած, բոլորը անմեղ քաղաքական գործիչներ են», - հայտարարեց Մանուկյանը, - «բոլոր այդ 58 կուսակցություններին, բոլոր այն կուսակցական ներկայացուցիչներին, որոնք ղեկավարում են եվրոպական կառույցներ, բոլոր այդ մարդկանց ուժերը, հնարավորությունները, բոլոր մեր ծանոթներին ներգրավելու ենք այս գործում: Խնդիրը սա է` Հայաստանը չպետք է ունենա քաղբանտարկյալներ»:

Արձագանքելով Հայաստանում քաղաքական բանտարկյալներին անհապաղ ազատ արձակելու` Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատների պահանջին` Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանեց, թե նախ պետք է Հայաստանում քաղբանտարկյալներ լինեն, որպեսզի իրենք ազատ արձակեն:

«Հայաստանում քաղկալանավորներ չկան: Ընդդիմությունը այդ [Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական] կուսակցությանը սխալ ինֆորմացիա է տվել», - նշեց Հանրապետականի փոխնախագահը:

Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից մատնաշված տասնյակից ավելի անձանց, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, նրանք, Զոհրաբյանի կարծիքով, քրեական հանցագործներ են, որոնք այսօր կրում են իրենց պատիժը:

Մինչդեռ, կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակելու եւ «Մարտի 1»-ի սպանությունների մեղավորներին պատժելու պահանջով վաղը Հայ ազգային կոնգրեսը կազմակերպում է պիկետ Կառավարության ընդունելությունների տան դիմաց, որտեղ տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG