Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմը»


«Մենք կարիք չունենք ինքներս մեզ համոզելու, որ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ընդունումն այլընտրանք չունի: Իսկ օտարները կարիք ունեն ճշմարիտ եւ օբյեկտիվ լրատվության», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Գորիսում սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Այո´, Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով եւ ամենաբարձր մակարդակով», - ասել է Սերժ Սարգսյանը` մանրամասնելով. - «Խոսքը ոչ թե առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլությամբ տառապող հիվանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախոսության, ըստ որի «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»:

«Ինչո՞ւ է այս ծայրահեղ ազգայնական դիրքորոշումը դրսեւորվում հատկապես հիմա: Ադրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրությունը եւ եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ եւ դրա արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան բոլորի համար: Ադրբեջանի հուսահատական ջղաձգումների մեխը հենց այստեղ է: Նրանք իրենց ժողովրդին չեն նախապատրաստել նման որոշումներ կյանքի կոչելու համար: Դատելով հռետորաբանությունից` կարծես դեռ չեն էլ պատրաստվում», - նշել է նախագահը:

«Բոլորի համար էլ պարզ է, որ Արցախի հիմնախնդրի լուծումը պետք է գտնվի խաղաղ բանակցությունների ճանապարհով: Ամբողջ աշխարհն այսօր բացառում է ռազմական ուղին, միայն Ադրբեջանն է, որ (իրենց խոսքերով) «երբեք չի ժխտում հարցի լուծման ռազմական ճանապարհը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Ադրբեջանում ակադեմիական հումանիտար գիտությունները վերածվել են ռազմաշունչ հայտարարությունների գեներատորի: Նույնիսկ դժվար է որոշել, թե որտեղ է ավարտվում գիտությունը եւ սկսվում խամաճիկությունը», - ասել է նախագահը: - «Արցախի դեպքում բերվում է այն «փաստարկը», որ որոշ տեղանուններ ադրբեջաներեն են (գոնե ասեն թուրքերեն կամ պարսկերեն) եւ ոչ հայերեն: Ինչպե՞ս կարող էր 200-300 տարի առաջ ադրբեջանական անվանում ունենալ բնակավայրը: Ահա այսպիսի «գիտական փաստարկներով» դաստիարակվում է մի ողջ սերունդ, որը վաղը «հերոսաբար պիտի ազատագրի «պատմական ադրբեջանական հողերը»:

«Այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա իմանալ, որ հազարավոր պատմական մատյաններում, որտեղ խոսվում է Արցախ հողի ու նրա քաջարի մարդկանց մասին, Ադրբեջան բառ չկա, որովհետեւ չէր կարող լինել: Իսկ այդ բառը որեւէ տեղ առաջին անգամ հայտնվել է ընդամենը մեկ դար առաջ», - ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Հիվանդ երեւակայությունը հասել է այնտեղ, որ Արցախի քրիստոնեական եկեղեցիները` Ամարասը, Գանձասարը, հռչակվում են ադրբեջանական: Ավելին` իրենք են առաջինն աշխարհում ընդունել քրիստոնեություն: Թուրքիային ասում են իրենց նոր կարգախոսը. - «Մեկ ազգ, երկու պետություն». այսինքն` թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, բայց ապրում են երկու պետության մեջ: Հինգ րոպե հետո ասում են, որ իրենք թուրք չեն, ավելի ճիշտ` թուրք չեն եղել, եղել են աղվան, գրել են գրքեր, որ մեզ չեն հասել, որովհետեւ հայերը բոլոր այդ մատյանները վառել են, եղել են աղվան եւ կառուցել են քրիստոնեական ճարտարապետության գլուխգործոցներ, որոնք բոլորը յուրացվել են հայերի կողմից, հետո փոխել են իրենց լեզուն, դարձել են թուրք: Հետո աշխարհի առաջին քրիստոնյա-աղվան-ադրբեջանցիները փոխել են իրենց հավատը եւ դարձել աշխարհի ամենաբարեպաշտ մահմեդականները: Զուգահեռ զարգացնում են նաեւ այն թեզը, որ իրենք իրանալեզու մարերի ուղիղ ժառանգներն են եւ Իրանի պատմական Ատրպատականի օրինական տերը», - նշել է նախագահը եւ հավելել. - «Լեզու փոխելը, ազգ ու կրոն փոխելը, աշխարհագրություն ու պատմություն փոխելն իրենց գործն է, բայց հակահայ ֆաշիզմի դրսեւորումն արդեն մեր գործն է»:

«Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար (այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից): Հետո ինքը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետեւանքների մասին: Կարծես թե պատերազմի հետեւանքները կարող էին հաճելի լինել: Այսքանից հետո ինքը սկսեց «խրոխտ» կեցվածքով պայմաններ թելադրել: Կարծես թե աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG