Մատչելիության հղումներ

Թուրքիայում Հիդինկին չեն ներում Ադրբեջանից կրած պարտությունը


Գոուս Հիդինկը ռուսաստանցի ֆուտբոլիստների հետ տոնում է Եվրո - 2008-ի քառորդ եզրափակիչում Նիդերլանդների նկատմամբ տարած հաղթանակը, Բազել, 21-ը հունիսի, 2008թ.
Գոուս Հիդինկը ռուսաստանցի ֆուտբոլիստների հետ տոնում է Եվրո - 2008-ի քառորդ եզրափակիչում Նիդերլանդների նկատմամբ տարած հաղթանակը, Բազել, 21-ը հունիսի, 2008թ.

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Թուրքիայի հավաքականի երկրորդ անընդմեջ պարտությունը բողոքի ալիք է բարձրացրել երկրում:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի խորհրդարանական ընդդիմությունը պաշտոնական պարզաբանումներ է պահանջում ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Գուուս Հիդինկին վճարվող աշխատավարձի եւ նրան առաջարկված աշխատանքային պայմանների վերաբերյալ:

Պատգամավորներին, լրատվամիջոցներին ու երկրպագուներին Հիդինկի աշխատավարձի չափը հանգիստ չի տալիս հատկապես հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի հավաքականից Թուրքիայի կրած 0:1 հաշվով պարտությունից հետո:

«Սրանից վատ բան չէր կարող լինել», - գրել է Zaman-ի վերլուծաբանը եւ ընդգծել. - «2002 թվականի աշխարհի առաջնության եւ 2008 թվականի Եվրոպայի առաջնության առաջատարներից մեկը պարտվում է ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում 102-րդ տեղը զբաղեցնող Ադրբեջանին: Սա նվաստացուցիչ պարտություն էր ցանկացած թուրքի համար»:

63-ամյա հոլանդացի մարզչի հանդեպ քննադատության ալիքը առավել բորբոքվեց այն բանից հետո, երբ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին նրա ստացած աշխատավարձի մասին: Դրանց համաձայն, մասնավորապես, Թուրքիայի ֆուտբոլի ազգային ֆեդերացիան Հիդինկին տարեկան վճարում է 8 միլիոն եվրո` գումարած հավելավճարներ, որոնք ընդհանուր առմամբ մարզչի համար ապահովում են տարեկան 11 միլիոն եվրո եկամուտ:

«Որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները եւ ինչո՞ւ է Հիդինկին այդքան գումար վճարվում», - սպորտի նախարարին ուղղված պաշտոնական դիմումում հարցրել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մերսին Ալի Ռիզա Օզթուրքը:

Ֆինանսական հարցեր են բարձրացնում նաեւ ֆուտբոլային մեկնաբանները: Zaman-ի վերլուծաբանի խոսքով` Ֆուտբոլի ազգային ֆեդերացիան Հիդինկին 4 միլիոն եվրո է տրամադրել Թուրքիայի ներսում եւ երկրից դուրս գտնվող տաղանդավոր ֆուտբոլիստներին հայտնաբերելու ու մի թիմում միավորելու համար: «Իրականում, սակայն, 4 միլիոնը գրպանում` Հիդինկը որոշեց ձեռք չտալ նախորդից ստացած ժառանգությանը», - ընդգծում է Zaman-ի վերլուծաբանը:

Ինքը` երկրպագուների, լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների քննադատության թիրախում հայտնված Հիդինկը, ով ժամանակին մարզել է լեգենդար «Չելսի»-ն, Մադրիդի «Ռեալ»-ը, աշխատել է Նիդերլանդների, Ավստրալիայի եւ Ռուսաստանի հավաքականների հետ, հայտարարել է, թե Ադրբեջան - Թուրքիա խաղը իր կարիերայի ամենավատ օրն էր:

«Իմ կարիերայի ընթացքում քիչ են եղել դեպքեր, երբ ինձ հետ աշխատած թիմերը չորս խաղից երկուսում պարտություն են արձանագրել: Սակայն եթե Գերմանիայի տարած հաղթանակի հետ կարելի էր հաշտվել` հաշվի առնելով, որ այն բավական լուրջ մրցակից է, ապա Ադրբեջանի արձանագրած հաղթանակի հետ դժվար է համակերպվել», - ասել է հոլանդացի մարզիչը:

«Պատրա՞ստ եք արդյոք այսքանից հետո հրաժեշտ տալ», - շտապել են հետաքրքրվել թուրք լրագրողները:

«Ամեն ինչ իր ժամանակն ունի», - արձագանքել է Հիդինկը` ընդգծելով, որ ընտրական մրցաշարի ավարտին դեռ բավական ժամանակ կա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG