Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակ. հուշանվերներ` հանրահավաքի փոխարեն


Երեւանի Ազատության հրապարակում`Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Հովհաննես Թումանյանի արձանների միջեւ ընկած տարածքում, երեկվանից տեղադրված են սեղաններ, որտեղ վաճառվում են հուշանվերներ:

Ինչպես վաճառողները փոխանցեցին` նախնական պայմանավորվածությամբ տարածքն իրենց անվճար է տրամադրվել, ասել են` 20 օրով:

«Ունեմ ընկերուհիներ, որոնք աշխատում են Վերնիսաժում, նրանք ինձ տեղեկացրեցին, որ այսպիսի նախաձեռնություն կա, քաղաքապետարանն է կազմակերպել` նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնակատարությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց վաճառողուհիներից մեկը:

«Մեկմեկու միջոցով իմացել ենք: Ես Վերնիսաժում եմ լինում, այնտեղից եմ եկել այստեղ», - ասաց մեկ այլ վաճառող` ով իր փայտե աշխատանքներն էր ներկայացնում եւ կնոջ ձեռագործ սփռոցները:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպչական բաժնի ղեկավար Գագիկ Բաղդասարյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե մտահաղացումը քաղաքացիներինն է եղել:

«Քաղաքապետարանում ստացվել են ավելի քան 20 անհատ ձեռներեցների եւ ստեղծագործողների դիմում, որով խնդրում են Օպերային հարող տարածքում իրենց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք կազմակերպել», - նշեց Բաղդասարյանը` հավելելով, որ թույլտվությունն այդ անձանց տրված է մինչեւ նոյեմբերի 25-ը:

«Վախի հերթական արտահայտություն»


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե երեկվանից բացված այս ցուցահանդես-վաճառքը «իշխանությունների վախի հերթական արտահայտությունն է»:

«Ամեն ինչ անում են, որ Ազատության հրապարկում չկայանա ընդդիմության հանրահավաքը», - ասաց Զուրբայանը: Նա նշեց, որ ամեն օր քաղաքապետարան են դիմում` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար, եւ ամեն օր մերժում ստանում: ՀԱԿ-ի համակարգողը հավելեց, թե կուտակում են քաղաքապետարանի մերժումներով թղթապանակը` Եվրադատարան դիմելու համար:

Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասաց, որ ՀԱԿ-ի կողմից հանրահավաքի մասին իրազեկումները վերջերս «հաճախակի» են դարձել, բայց դրանք ամեն օր չեն ստացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG