Մատչելիության հղումներ

Բռնություն գործադրած ուսուցիչը հրաժարական է ներկայացրել


Երեւանի Ա.Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Գեւորգիզովն այսօր սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, այն բանից հետո, երբ ինտերնետային YouTube կայքում տեղադրված տեսահոլովակը, որում ուսուցիչը դասի ժամանակ անպատվում եւ հարվածում է դպրոցի աշակերտներից մեկին, դարձավ քննարկումների առարկա:

Տեսահոլովակը, որը նկարվել էր նույն դասարանի մեկ այլ աշակերտի կողմից, երկուշաբթի օրը հայտնվելով ինտերնետում, արագորեն տարածվեց լրատվական կայքերի, բլոգերի եւ սոցիալական ցանցերի միջոցով: Նույն օրը երեկոյան պարզվեց ուսուցչի ինքնությունը, հայտնի դարձավ նաեւ, որ միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա մարտ ամսին:

Դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առավոտյան ուսուցիչն «արցունքն աչքին եկավ ու ասաց, որ ինքը խայտառակել է դպրոցի պատիվն ու ցանկանում է աշխատանքից ազատվել»:

Տնօրենը պատմության ուսուցչին որակեց իբրեւ «նուրբ ներաշխարհ ունեցող, չափազանց բարի ու հավասարակշռված» մարդ, ով այս դպրոցում 4 տարվա աշխատանքային փորձ ուներ: Այդուհանդերձ, Մատղաշյանը չի արդարացնում Գեւորգիզովի արարքը:

«Դա ցնցող փաստ է, դա արդարացում, իհարկե, չունի: Ինչ էլ հիմա մենք ասենք, ինչպես էլ մեկնաբանենք` որ հասցրել են ուսուցչին, որ վերջապես գոյություն ունի մարդկային արժանապատվություն, այն, ինչ թույլ է տվել իրեն Էդվարդ Եվգենեւիչը անթույլատրելի է», - ասաց Մատղաշյանը:

Տնօրենի խոսքով, դպրոցի ռուսական բաժնում սովորող աշակերտը, ով արդեն տեղափոխվել է ռուսաստան, ժամանակավոր էր սովորում այս դպրոցում:

Դասարանի մյուս աշակերտները, ովքեր ականատես են եղել միջադեպին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդում էին, որ մեղավորությունն իրենցն է, եւ ասում էին, որ պատրաստվում են ներողություն խնդրել ու պահանջել իրենց ուսուցչի վերադարձը:

«Դասատուին հասցրեցին նրան, որ նա դիմի այդ քայլին: Սխալ է, որ երեխան անմեղ է, երեխան էլ իր չափով մեղք ունի», - ասում էին աշակերտները:

Դպրոցի բակում հավաքված այլ աշակերտներ, սակայն, ասում էին, որ տարբեր ուսուցիչների կողմից ծեծի դեպքեր դպրոցում եղել են:
Կատարվածի առթիվ Կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է` «բռնության յուրաքանչյուր դրսեւորում դպրոցում անընդունելի է»:

Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ դպրոցի տնօրենին «խիստ նկատողություն» է հայտարարվել, մինեւնույն ժամանակ, բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել դպրոցում` բացահայտելու մանկավարժին ոչ վայել պահվածքի դրսեւորումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG