Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անունը կապվում է Թուրքիայում ծագած սեքսուալ սկանդալի հետ


ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւ
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւ

Թուրքական եւ ղազախական որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե սեպտեմբերի վերջին Անթալիայում «Սավարոնա» զբոսանավի վրա անցկացված ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվածների թվում է եղել նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը:

Առաջինը այս մասին գրեցին ղազախական որոշ լրատվական կայքեր, երեքշաբթի օրն էլ Սաուդաբաեւի ձերբակալության մասին ուղղակիորեն ակնարկեց Թուրքիայի առաջատար պարբերականներից մեկը` Vatan-ը:

Երկու շաբաթ առաջ թուրքական ոստիկանությունը ժամանակին Քեմալ Աթաթուրքի սեփականությունը հանդիսացած «Սավարոնա» զբոսանավի վրա ձերբակալել էր մոտ մեկ տասնյակ ռուսաստանցի եւ ուկրաինացի մարմնավաճառների: Ոստիկանական գործողության հաջորդ օրն արդեն թուրքական թերթերը պնդում էին, որ ձերբակալվածների թվում են եղել մի շարք ռուսաստանցի եւ ղազախստանցի գործարարներ, ինչպես նաեւ Աստանայից Թուրքիա ժամանած պաշտոնյաներ:

«Խոսքը երկու ղազախ պաշտոնյաների մասին էր, որոնց անունները մինչ օրս որեւէ թուրքական թերթ չի հրապարակել», - գրում է Vatan-ը: - «Ղազախական աղբյուները պնդում են, որ ձերբակալված ղազախստանցիները երկուսն էին` մեկը, իբր, ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւն էր, մյուսը` Ղազախստանի վարչապետի խորհրդական Բիրջան Մուրատալիեւը»:

Միջադեպից անմիջապես հետո ղազախ պաշտոնյաները թուրքական կողմին ցույց են տվել իրենց դիվանագիտական անձնագրերը, ազատ են արձակվել եւ մասնավոր օդանավով հեռացել Թուրքիայից:

Թուրքական, ղազախական եւ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ պնդում են, որ «Սավարոնա»-ի վրա անցկացված խրախճանքի կազմակերպիչը ադրբեջանական ծագում ունեցող մոսկվացի գործարար Թելման Իսմայիլովն է:

2009 թվականին փակված «Չերկիզովսկի» տոնավաճառի նախկին սեփականատերը ստիպված եղավ սահմանափակել իր գործարար ակտիվությունը Մոսկվայում, երբ ռուսաստանյան իշխանությունները նրան մեղադրեցին կապիտալը երկրից դուրս բերելու մեջ: Ներկայումս Իսմայիլովը Անթալիայում գտնվող Mardan Palace հյուրանոցի սեփականատերն է: Vatan-ը պնդում է, որ այս հյուրանոցի շինարարության վրա ադրբեջանցի գործարարը ծախսել է մեկեւկես միլիարդ ամերիկյան դոլար: Նույն աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ «Սավարոնա»-ում իրականցված ոստիկանական գործողությունից հետո Իսմայիլովը հրավիրվել է ոստիկանության տեղական վարչություն եւ ցուցմունք է տվել կատարվածի առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG