Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստան - ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգանում են»


«Հայաստան - Եվրամիություն հարաբերություններն, իրոք, որակական փոփոխություն են կրել եւ դինամիկ զարգանում են` դառնալով ավելի կանոնակարգված», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ի պատիվ Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի եւ նրա տիկնոջ տրված է պաշտոնական ընթրիքի ժամանակ:

«Արդեն մեկնարկել են Ասոցացման համաձայնագրի բանակցությունները, աշխատանքներ են տարվում «Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի մասին» համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ», - նշել է Հայաստանի նախագահը` հավելելով. - «Վստահ եմ, որ Սլովենիան, որպես Եվրամիությանը անդամակցության ճանապարհն անցած երկիր, կարող է մեծապես օգտակար լինել այդ խնդիրների լուծման ճանապարհին»։

Կարեւորելով տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը` Սերժ Սարգսյանը ասել է, որ տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական միջավայրը, տնտեսական շրջափակումները եւ շարունակվող հակամարտությունները դեռեւս խոչընդոտում են Հայաստանի լիարժեք զարգացմանը: Նրա խոսքով` տարածաշրջանային համագործակցությունը լավագույն միջոցն է մեկտեղելու յուրաքանչյուրի հնարավորությունները եւ ստեղծելու զգալի ներուժ համընդհանուր առաջընթացի համար:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Դանիլո Թյիրկը նշել է, որ իր համար առանձանահատուկ պատիվ է` լինել Սլովենիայի առաջին նախագահը, ով այցելում է Հայաստան: «Սա մեծ իրադարձություն է մեր երկկողմ հարաբերություններում, եւ հուսով եմ, որ այն կխթանի մեր բարեկամությունը եւ հիմք կհանդիսանա համագործակցության բազմաթիվ ոլորտներում նոր նվաճումների հասնելու համար», - ասել է Սլովենիայի նախագահը:

Նրա խոսքով` Հայաստանը գրավում է հետաքրքիր աշխարհագրական դիրք եւ ունի չօգտագործված տնտեսական ներուժ, այդ իսկ պատճառով գրավիչ գործընկեր է Եվրամիության համար:

«Ակնկալում ենք, որ խորացված քաղաքական համագործակցության եւ ավելի բարձր մակարդակի տնտեսական ինտեգրման միջոցով, Ասոցացման պայմանագիրը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կարտացոլի երկու կողմերի իրական շահերը եւ համագործակցության կարողությունները հաջորդ փուլում: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցությունը խթանելու ճանապարհին, Սլովենիան միշտ պատրաստ է աջակցել իր հայ բարեկամներին», - ընդգծել է Դանիլո Թյիրկը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG