Մատչելիության հղումներ

Էմիր Կուստուրիցան` թուրք ազգայնականների թիրախ


Էմիր Կուստուրիցա
Էմիր Կուստուրիցա
Կիրակի օրն աշխարհահռչակ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան հայտարարեց, որ դուրս է գալիս Անթալիայում անցկացվող «Ոսկե Նարինջ» 47-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմից եւ ի նշան բողոքի հեռանում է Թուրքիայից:

Համաշխարհային կինոյի կենդանի լեգենդ համարվող Կուստուրիցան այս քայլին դիմեց թուրք ազգայնականների ու Թուրքիայում բնակվող բոսնիացի ակտիվիստների բարձրացրած աղմուկից հետո: Ազգայնականները Կուստուրիցային մեղադրում են ժխտողականության մեջ` պնդելով, թե նա չի ընդունում, որ 90-ականներին Բոսնիայում մահմեդականների ցեղասպանություն է իրականացվել:

Փառատոնին Կուստուրիցայի մասնակցության շուրջ լարվածությունը կիզակետին հասավ, երբ «Ազգայնական շարժում» կուսակցության Անթալիայից ընտրված պատգամավոր Օքթայ Ռեշատը շաբաթ երեկոյան իր թիկնազորով ներխուժեց Անթալիայի օպերային թատրոնի դահլիճ եւ փորձեց տապալել փառատոնի բացման արարողությունը:

Թուրք ազգայնականներից բացի` կինոփառատոնին Կուստուրիցայի մասնակցությանը ընդդիմացավ Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը, ով վերջին պահին չեղյալ հայտարարեց իր մասնակցությունը փառատոնի բացմանը:

Ժամանակակից թուրքական կինոյի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը` ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն եւս հրաժարվեց ժամանել Անթալիա եւ չեղյալ հայտարարեց 2010-ին Բեռլինյան փառատոնի գլխավոր մրցանակի արժանացած իր «Մեղրը» ֆիլմի ցուցադրությունը Անթալիայում:

Կուստուրիցայի արձագանքը ծագած սկանդալին բավական կոշտ էր: Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում աշխարհահռչակ ռեժիսորը հայտարարեց. - «Բոսնիական պատերազմի ավարտից 15 տարի անց ձեր երկրի վարչապետը ժամանում է Սերբիա եւ սեղմում Միլոշեւիչի կուսակցության անդամների ձեռքը: Եվ դրանից հետո ոմանք ինձ Թուրքիայում մեղադրում են Հարավսլավիայի նախկին նախագահի աջակիցն ու մերձավորը լինելու մեջ»:

Կուստուրիցան Թուրքիայում իր դեմ ծավալված արշավը բնութագրել է երկու բառով` «բարբարոսություն եւ բռիություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG