Մատչելիության հղումներ

«Իրանից թմրանյութերը Մալազիա են հասնում նաեւ Հայաստանով»


Թմրադեղերը Իրանից Մալազիա են տեղափոխվում սովորաբար օգտագործելով «Դուբայի, Հայաստանի, Քիշի, Դոհայի կամ Կոլոմբոյի օդային ճանապարհները», հայտարարել է Մալազիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Աբու Սեման Յուսուպը:

Մալազիայում կտրուկ ավելացել են թմրաբիզնեսով զբաղվող իրանցիների ձերբակալությունները։ Անցյալ տարվա ընթացքում այդպիսի մեղադրանքով ձերբակալվել էր ընդամենը 16 մարդ, իսկ այս տարի հոկտեմբերի 5-ի դրությամբ արդեն ձերբակալվել է 138 իրանցի, հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը։

Աբու Սեմանը նոր է վերադարձել Իրան կատարած 5-օրյա այցից, որի ընթացքում քննարկվել են թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու հարցերը։ Թեհրանում նա բարձրացրել է նաեւ Մալազիայում ձերբակալված իրանցիների հարցը։

Ուրբաթ օրը կայացած ասուլիսում նա ընդգծել է, որ խնդիրը լուծելու համար երկու երկրների իշխանությունների համագործակցության կարիքը կա։ Յուսուպը հայտնել է, որ Իրանի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ։

Մալազիայի ներքին գործերի փոխնախարարը փոխանցել է, որ թմրաբիզնեսի դեմ պայքարելու համար գործողությունների պլան է մշակվել, մասնավորապես` երկու կողմերի համապատասխան գործակալությունների միջեւ պարբերական հանդիպումների անցկացում, տեղեկատվության փոխանակում, աշխատանքային խմբի ստեղծում՝ համատեղ պայքարելու համար թմրադեղերի վաճառքի դեմ։

Միջազգային լրատվական գործակալությունները նշում են, որ թմրադեղերը մեծ քանակությամբ շարունակում են հասնել Մալազիա` չնայած երկրի խիստ օրենքներին. թմրանյութերի ապօրինի շրջանառության համար մեղադրվողները Մալազիայում դատապարտվում են մահվան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG