Մատչելիության հղումներ

Հայաստան - Իրան երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակելու է ռուսաստանյան ընկերությունը


«Հարավակովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը լրագրողների հետ հանդիպմանը: 7-ը հոկտեմբերի, 2010 թ.:
«Հարավակովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը լրագրողների հետ հանդիպմանը: 7-ը հոկտեմբերի, 2010 թ.:

Հայաստան - Իրան երկաթգծի կառուցման համար «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հանձնարարությամբ ստեղծվել է հատուկ նախագծային կենտրոն, որը ղեկավարում է ընկերության փոխնախագահ Օլեգ Տոնին:

«Հարավակովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հավելեց, որ Մոսկվայում գործող Гипротранспроект ընկերությունը ձեռնամուխ է լինելու Հայաստան - Իրան երկաթգծի տեխնիկատնտեսական հիմնավորման մշակմանը:

«Վերջապես առաջին անգամ արդեն պաշտոնապես սկսեցին գործել կողմերի աշխատանքային խմբերը` [Հայաստանի] տրանսպորտի նախարարության, «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության: Առաջին անգամ [Հայաստանի] տրանսպորտի նախարարության կողմից հավանության են արժանացել եւ ձեւավորվել են տեխնիկական պայմանները: Այս աշխատանքը տեղից շարժվեց, եւ կարծում եմ, որ արդեն ապրիլին մենք կհասկանանք, թե այն ինչ կարժենա, ինչպիսի գնացքներ [կերթեւեկեն այդ երկաթգծով], որովհետեւ Гипротранспроект-ը ԱՊՀ տարածքում [այս հարցի հետ կապված] հիմնական ինստիտուտն է», - ասաց Շայդուլինը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ընկերության գալիք տարվա պլանների մեջ ներառվել են Վանաձոր - Ֆիալետովո երկաթգծի նախագծի մշակման աշխատանքերը: Մոտ 30 կիլոմետրանոց նոր երկաթգծով իրար կմիանան Վանաձորն ու Դիլիջանը, ինչը շուրջ 140 կիլոմետրով կկրճատի Երեւան - Թբիլիսի երկաթգիծը, ինչն էլ իր հերթին, ըստ Շայդուլինի, կբերի այդ ուղղության սակագնի իջեցմանը:

«Ուղղությունների մասնագիտացում է հայտնվում: Այսօր գոյություն ունի բեռնափոխադրումների ուղղությունը, եւ Դիլիջանով ուղղությունը կլինի ուղեւորային: Այս հարցը երկու [երկրների] նախագահների վերահսկողության ներքո է: Հայաստանի տրանսպորտի նախարարությունում արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ: Այսինքն` իմ կարծիքով, այսօր լուրջ խոչընդոտող հանգամանքներ չկան: Ուղղակի կա ՙՀարավակովկասյան երկաթուղի՚ ընկերության եւ Հայաստանի տրանսպորտի նախարարության ցանկությունը, որ այս նախագիծը առաջիկայում` առավելագույնը երկու տարում, կյանքի կոչվի»:

Հիշեցնենք, որ 2008 թվականին «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերությունը 30 տարով ստանձնեց հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը: Ստեղծելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը` «Ռուսաստանյան երկաթուղիներ»-ը պարտավորվեց կոնցեսիայի ողջ ընթացքում կատարել 570 միլիոն դոլարի ներդրումներ:

Շայդուլինի ներկայացմամբ, 2008-2009 թվականներին ներդրվել է ավելի քան 118 միլիոն դոլար, ինչը, սակայն, ստանձնած պարտավորություններից ավելի քիչ է: Ընթացիկ եւ գալիք տարի ներդրվելու է մոտ 82.5 միլիոն դոլար. այս թիվն արդեն համապատասխանելու է ընկերության պարտավորությունների չափին:

Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրենի, 2010 թվականի առաջին ինն ամիսներին ընկերությունը պետբյուջե է մուծել 3.1 միլիարդ դրամի հարկ, ինչը գրեթե 300%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Շայդուլինը նաեւ տեղեկացրեց, որ այս տարվա վերջին եռամսյակում երկաթուղու սակագները 2009-ին գործող սակագների համեմատ կաճեն մոտ 3%-ով, սակայն ավելացրեց. - «Ես չեմ թացնում, ցանկանում եմ ասել, որ 2011թվականի սակագնային քաղաքականությունը սկզբունքորեն կփոխվի: Մենք գնալու ենք սակագների իջեցմանը: Հաշվի առնելով այն, որ [մենք ցանկանում ենք] ավելացնել մեր փոխադրումների ծավալները»:

Հայաստանում այս տարվի առաջին ինն ամիսներին երկաթուղային փոխադրումների ծավալներ աճ է աձանագրվել. բեռնափոխադրումների ոլորտում`12%-ով, ուղեւորափոխադրումներում` 58%-ով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG