Մատչելիության հղումներ

Բյուջե-2011-ը «հստակ սոցիալական ուղղվածություն ունի»


ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը: 6-ը հոկտեմբերի, 2010 թ.:
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ հանդիպմանը: 6-ը հոկտեմբերի, 2010 թ.:

Կառավարության հաստատած ու անցած շաբաթավերջին Ազգային ժողով ուղարկած 2011 թվականի պետական բյուջեի նախագծով սոցիալական ոլորտին հատկացվում է 272 միլիարդ դրամ` 27 միլիարդով ավելի, քան ընթացիկ տարում:

Բյուջեի ծախսային մասի` 63 միլիարդ դրամ ավելացման 43-44 միլիարդը կազմելու են սոցիալ-մշակութային ծախսերը, ինչը, ըստ Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, թույլ է տալիս պնդել, որ 2011 թվականի բյուջեն «հստակ սոցիալական ուղղվածություն ունի»:

«Էականորեն ավելանալու են ոչ միայն սոցիալական հատկացումների ծավալները, այլեւ մասնաբաժինը ընդհանուր բյուջեի ծախսային հոդվածներում: Սոցիալական պաշտպանվածության խնդիրների համար մենք նախատեսել ենք ընդհանուր ծախսային մասի մոտ 24-25 տոկոսի շրջանակներում հատկացումներ, եւ սոցիալ-մշակութային հատվածը բյուջեի ծախսային մասում կազմում է գրեթե 45 տոկոս», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Տիգրան Դավթյանը:

Միաժամանակ նախագծում արտացոլված չեն գալիք ապրիլի 1-ից գազի թանկացման հետեւանքով անխուսափելիորեն առաջացող լրացուցիչ ծախսերը:

«Հաջորդ տարի մենք լրացուցիչ սոցիալական ծախսեր ենք անելու», - այս կապակցությամբ ասաց նախարարը` շարունակելով. - «Միայն կենսաթոշակների գծով այդ ծավալը բյուջեում կազմում է 200 միլիարդ դրամ. դա բյուջեի 20 տոկոսից ավելին է... Ընդհանրապես առաջիկայում այդ սոցիալական հատվածը բյուջետային ծախսերի բավականին լուրջ ծավալն է կազմում, եւ դրանով է նաեւ պայմանավորված, որ մենք փորձում ենք սկսել եւ սկսելու ենք կենսաթոշակային բարեփոխումները, որոնք համակարգային փոփոխություններ կլինեն, որովհետեւ իրոք լուրջ ծախսերի մասին է խոսքը»:

Բյուջեի նախագծի նախնական տարբերակում խորհրդային շրջանում խնայբանկերում սառեցված ավանդները վերադարձնելու նպատակով հատկացվել է ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամ, ինչը, նախարարի խոսքով, նախաճգնաժամային տարիներին տրամադրվող գումարներից ավելի է:

Դավթյանի ներկայացմամբ, գիտության հատկացումները կավելանան եւ կկազմեն մոտ 1 միլիարդ դրամ: Կբարձրացվեն նաեւ գիտնականների աշխատավարձերը: Աշխատավարձերի բարձրացում է սպասվում է նաեւ մշակույթի ոլորտում` 15 տոկոսով:

Կրթությանն ուղղված ծախսերը, որ, ըստ նախագծի, հաջորդ տարի կազմելու են 108 միլիարդ դրամ, կավելանան հիմնականում ի հաշիվ կապիտալ ներդրումների: Ուսուցիչների աշխատավարձի փոփոխություն, սակայն, չի նախատեսվում:

«Որովհետեւ մենք հիմա աշխատավարձերի բարձրացում նախատեսել ենք այն ոլորտներում, որտեղ իրոք ցածր է: Օրինակ` մշակույթի, գիտության` հնարավորությունների սահմանում», - փաստարկեց Տիգրան Դավթյանը:

Հայաստանի ռազմական բյուջեն 2011 թվականին կազմելու է 140 միլիարդ դրամ (շուրջ 390 միլիոն դոլար): Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը հաջորդ տարի պաշտպանության ոլորտին հատկացրել է 1 միլիարդ 656 միլիոն դոլար:

«2011 թվականի բյուջեն հստակ կապահովի այն խնդիրները, որոնք դրված են երկրի անվտանգության եւ պաշտպանունակության ապահովման հետ կապված: Անհրաժեշտ ծավալներով ավելանալու են նաեւ պաշտպանության ծախսերը: Համամասնորեն ավելանալու է նաեւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող մեր աջակցությունը», - նշեց նախարարը:

Այս տարի միջկառավարական համաձայնագրի շրջանակներում Հայաստանը 32 միլիարդ դրամ (մոտ 80 միլիոն դոլար) է հատկացրել Լեռնային Ղարաբաղին, որի բյուջեի եկամտային մասը ընդամենը 55 միլիարդ դրամ է (մոտ 137 միլիոն դոլար):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG