Մատչելիության հղումներ

Բրայզայի թեկնածության շուրջ զարգացումները «ամենաերկարատեւ դիվանագիտական տարաձայնությունն է Վաշինգտոնում»


Թուրքիայում ԱՄՆի դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան:
Թուրքիայում ԱՄՆի դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան:

Ամերիկյան հեղինակավոր պարբերականները ուշադրության կենտրոնում են պահում Ադրբեջանում երկրի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հաստատման շուրջ զարգացումները:

«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի շուրջ զարգացումները քաղաքական ֆուտբոլի են նման», - գրել է Washington Times-ը՝ ընդգծելով, որ սա մինչեւ օրս Վաշինգտոնում սկիզբ առած ամենաերկարատեւ եւ վիճահարույց դիվանագիտական տարաձայնությունն է։

«Պետդեպարտամենտում հարգանք վայելող փորձառու դիվանագետը դարձել է երկու հակառակորդ խմբերի՝ Ամերիկայի հայերի եւ ադրբեջանցիների՝ հեռուն գնացող նպատակների գերին», - գրում է հեղինակավոր պարբերականը եւ ներկայացնում վիճաբանող կողմերի հիմնական փաստարկները:

«Ես շարունակում եմ պնդել, որ սխալ է այդ պաշտոնում առաջադրել Մեթյու Բրայզային», - Washington Times-ին ասել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով Բարբարա Բոքսերի հետ արգելափակել է նրա թեկնածությունը Սենատի լիագումար նիստում։

«Իմ ընդդիմության հիմքում ընկած են տեղեկություններ, որ մտահոգություններ են առաջ բերում Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ Բրայզայի անկողմնակալության վերաբերյալ», - հայտարարել է Մենենդեսը՝ հավելելով, որ քննադատում է նաեւ Հայոց ցեղասպանության շուրջ Բրայզայի ժխտողական դիրքորոշումը եւ վերջինիս սերտ կապերը նշված երկու երկրների ղեկավարության հետ։

«Մինչդեռ Միացյալ Նահանգների ադրբեջանական համայնքը պաշտպանում է Բրայզայի թեկնածությունը», - գրում է Washington Times-ը ու հիշեցնում. - «Շաբաթներ առաջ նրանք նամակ են հղել երկու սենատորներին եւ պնդել, թե Բրայզան փորձառու դիվանագետ է, որը տարիներ շարունակ արժանացել է թե' հայերի, թե' ադրբեջանցիների քննադատությանը, բայց չեզոք է մնացել իր դիրքորոշումներում»։

Թեմային այսօր անդրադարձել է նաեւ Wall Street Journal-ը՝ «Ոչ դիվանագիտական առկախումներ. սենատորները` ընդդեմ Միացյալ Նահանգների շահերի» վերնագրված հոդվածում։ Հիշեցնելով, որ այս պահին Սենատի լիագումար նիստում առկախված է նաեւ Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրանկ Ռիչարդոնեի թեկնածությունը, պարբերականը գրում է. - «Այս հարցերով քվեարկությունը հավանական չէ առնվազն մինչեւ Սենատի միջանկյալ [նոյեմբերի 2-ին նախատեսված] ընտրությունների ավարտը, քանի որ օրենսդիրները որոշել են չդադարեցնել աշխատանքները, ինչպես սովորաբար լինում է ընտրությունների ընթացքում` այդպիսով հնարավորություն չտալով Օբամային նշանակումներ անել այդ դադարի ընթացքում»։

«Նախագահի կողմից առաջադրված թեկնածուներին հաստատելու՝ Սենատի իրավունքը չպետք է ծառայեցվի առանձին անդամների անձնական շահերին», - գրում է Wall Street Journal-ն ու ընդգծում. - «Ադրբեջանն ու Թուրքիան Միացյալ Նահանգների համար կարեւոր գործընկերներ են, եւ Վաշինգտոնը այդ երկրներում լավ դիվանագետների կարիք ունի»։

Պնդելով, թե բազմաթիվ այլ խնդիրներով տարված Սպիտակ տունը այժմ նվազեցրել է ճնշումները նախագահի առաջադրած թեկնածուներին հաստատելու ուղղությամբ` հեղինակավոր պարբերականը նշում է. - «Անորոշությունը, որի մեջ հայտնվել են այս դիվանագետները, կարող է օգնել Սենատում վերընտրվելու հայտ ներկայացրած Բարբարա Բոքսերի նախընտրական պայքարին, սակայն, այն վնասում է գործադիր իշխանության աշխատանքին եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG