Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ում ընդունված հայտարարությունը Ադրբեջանին կոչ է անում հարգել պարտավորությունները


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում չորեքշաբթի օրը ընդունվել է մի հայտարարություն, որտեղ կոչ է արվում Ադրբեջանին կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ստանձնած պարտավորությունները:

Հայտարարությունը, որի տակ ստորագրել է ԵԽԽՎ-ի շուրջ երեք տասնյակ պատգամավոր, նախաձեռնել է Եվրոպայի խորհրդում հայաստանյան պատվիրակության անդամ, Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Այս փաստաթղթով Եվրոպայի խորհուրդը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միմիայն խաղաղ ճանապարհով եւ բացառել ուժի կիրառման սպառնալիքը:

«Հակառակ Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորություններին` Ադրբեջանը շարունակում է իրականացնել երկրի ռազմականացման վտանգավոր քաղաքականություն` հանդես գալով Հայաստանի եւ հայերի դեմ ուղղված ռազմատենչ եւ թշնամություն սերմանող հռետորաբանությամբ», - ասված է հայտարարությունում. - «Ադրբեջանը մերժում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, հրաժարվում է բանակցել կոնֆլիկտի հիմնական կողմ հանդիսացող Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, իսկ բոլոր այն մարդիկ, այդ թվում եւ Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ովքեր այցելում են Ղարաբաղ, հայտնվում են Ադրբեջանի սեւ ցուցակում»:

Եզրափակելով` հայտարարության հեղինակները շեշտում են. - «Խորհրդարանական վեհաժողովը պետք է Ադրբեջանից պահանջի առավել լիարժեքորեն եւ անկեղծորեն կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ իր ստանձնած պարտավորությունները»:

Հայաստանցի ընդդիմադիր պատգամավորի այս հայտարարությանը միացել են նաեւ Հայաստանի իշխանությունը ներկայացնող Հանրապետական Դավիթ Հարությունյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Արծրունի Աղաջանյանը:

Ի դեպ` երեկ ԵԽԽՎ-ում հրապարակվել էր ադրբեջանցի պատգամավորների նախաձեռնած հայտարարությունը, որտեղ ընդգծվում է ղարաբաղյան խնդրի արագ կարգավորման անհրաժեշտության մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ թեեւ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը եւ մոտ 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը, այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակում է ջանքեր գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Լիագումար նիստում ընդունված այդ հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ Հայաստանը մերժում է Մինսկի խմբի կողմից ներկայացված Մադրիդյան նորացված սկզբունքները, որոնք ուղղված են խնդրի արագ կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG