Մատչելիության հղումներ

«Կրեմլը խաչ է քաշել Լուկաշենկոյի վրա»


Դմիտրի Մեդվեդեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ ասուլիսը Կրեմլում, Մոսկվա, 10-ը դեկտեմբերի, 2009թ.
Դմիտրի Մեդվեդեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ ասուլիսը Կրեմլում, Մոսկվա, 10-ը դեկտեմբերի, 2009թ.

Ռուս - բելառուսական տեղեկատվական պատերազմը թեւակոխում է նոր փուլ:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայտնի տեսաուղերձից օրեր անց` երեքշաբթի երեկոյան, «Գազպրոմ»-ին պատկանող НТВ հեռուստաալիքը որոշեց մեկ անգամ եւս ցուցադրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անխնա քննադատության ենթարկող «Крестный батька» ֆիլմը:

Կինոնկարը, որը պատմում է Լուկաշենկոյի մերձավոր շրջապատում ծաղկող կոռուպցիայի, ընդդիմադիրների պատվիրված սպանությունների, նույնիսկ Բելառուսի նախագահի հոգեբուժական ախտորոշման մասին, НТВ-ով կցուցադրվի մինչեւ այս շաբաթվա վերջը:

НТВ-ի ղեկավարությունը հեռուստաալիքի ծրագրերը շտապ կարգով փոփոխության ենթարկեց, երբ Բելառուսի պետական հեռուստատեսության վերլուծական ծրագրերից մեկը բառացիորեն ծաղրի ենթարկեց Դմիտրի Մեդվեդեւին ու նրա տեսաուղերձը:

«Դմիտրի Մեդվեդեւը որոշեց բացել ժողովուրդների աչքերը եւ այդ նպատակով նույնիսկ կիրակի օրը եկավ աշխատանքի: Եղբայրական Բելառուսը նրան հանգիստ չի տալիս ո'չ արտասահմանյան այցերի ժամանակ, ո'չ հանգստյան օրերին եւ ո'չ էլ գիշերը», - հայտարարեց բելառուսական պետական հեռուստաալիքի մեկնաբանը:

Պաշտոնական Մինսկի եւ Մոսկվայի հարաբերություններում ծագած ճգնաժամը է'լ ավելի խորացավ, երբ անցած շաբաթավերջին Բելառուսի նախագահը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. - «Կրեմլից իմ դեմ է աշխատում այն նույն թիմը, որը սկզբում պաշտոնանկ արեց Թաթարստանի եւ Բաշկիրիայի նախագահներին, հետո էլ անցավ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովին»:

Լուկաշենկոյի այս հայտարարությանն ի պատասխան` Դմիտրի Մեդվեդեւի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան հայտարարեց. - «Լավ կլիներ, եթե Բելառուսի նախագահն իրեն չհավասարեցներ ռուսաստանցի նահանգապետների հետ»:

Կրեմլից հնչող այս կտրուկ հայտարարությունները, ըստ բելառուս ընդդիմադիրների, միայն մի բան կարող են նշանակել` դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ Լուկաշենկոն վերջնականապես կորցնում է Մոսկվայի աջակցությունը:

«Կողմերն արդեն իսկ հատել են Ռուբիկոնը: Կրեմլը խաչ է քաշել Լուկաշենկոյի վրա` թե' որպես մարդու եւ թե' որպես քաղաքական գործչի», - BBC-ին տված հարցազրույցում ասել է բելառուս առաջատար ընդդիմադիրներից մեկը` Անատոլի Լեբյադկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG