Մատչելիության հղումներ

Եվրախորհուրդը չի ընդունում հայաստանյան հասարակական կազմակերպությունների քննադատությունը


Եվրախորհրդի ժողովրդավարական կառույցների տնօրինության ղեկավար Չիլդերիկ Շափֆելդը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պարզաբանումներ է տվել Եվրախորհրդի հովանու ներքո Հայաստանում անցկացվելիք համաժողովի շուրջ հնչած դժգոհությունների առթիվ:

Հայաստանյան որոշ հասարակական եւ իրավապաշտպան կազմակերպություններ դժգոհություն ու հիասթափություն էին հայտնել Երեւանում հոկտեմբերի 19-20-ը Եվրոպայի խորհրդի հովանու ներքո անցկացվելիք «Ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովի մասնակիցների թվում չընդգրկվելու առթիվ:

«Սա եվրոպական համաժողով է, տեղերը, ցավոք, սահմանափակ են, քանի որ մենք ձգտում ենք ապահովել համաեվրոպական մասնակցություն: Ֆորումի 250 մասնակիցների մեկ քառորդը` մոտ 60-ը, լինելու են ԵԽ անդամ երկրներից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հատկանշանական է, որ Հայաստանից ֆորումին մասնակցելու են 16 հասարակական կազմակերպություններ, ինչը, մեր կարծիքով, ապահովում է Հայաստանի բավական լուրջ եւ ներկայացուցչական մասնակցությունը այս ֆորումում», - պարզաբանեց Եվրախորհրդի ժողովրդավարական կառույցների տնօրինության ղեկավարը, ու հավելում. - «Ընտրության չափանիշները մեր կողմից վաղուց են մշակված եւ շատ թափանցիկ են: Մեզ համար կարեւոր է հնարավորինս լայն թեմատիկ ընդգրկումը, ինչպես նաեւ աշխարհագրական ընդգրկումը: Այլ կերպ ասած, ձգտել ենք, որ ներկայացված լինեն ոչ միայն մայրաքաղաքում գործող կազմակերպությունները»:

Եվրախորհրդի ժողովրդավարական կառույցների տնօրինության ղեկավար Չիլդերիկ Շափֆելդ
Չիլդերիկ Շափֆելդը նաեւ ընդգծեց. - «Հայաստանի իշխանությունները սիրով համաձայնել են հյուրընկալել համաժողովը, սակայն ներգրավված չեն եղել մասնակիցների ընտրությանը: Որոշումը կայացվել է բացառապես Ստրասբուրգում»:

Համաժողովին չհրավիրվելու առթիվ դժգոհություն հնչեցրած կազմակերպություններից մեկի` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը օրերս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, թե այդպիսով Եվրախորհուրդը ցույց է տալիս, որ «քաղաքական նպատակահարմարությունը շատ ավելի է կարեւորում, քան ժողովրդավարական արժեքները»։

Այս կապակցությամբ Եվրախորհրդի ժողովրդավարական կառույցների տնօրինության ղեկավարը ասաց. - «Ցավալի է, որ ֆորումը, որը կոչված է քննարկել Եվրոպայում ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները եւ այդ գործում Եվրախորհրդի դերը, արժանանում է նման մեկնաբանության»:

Ֆորումին չեն մասնակցելու նաեւ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը», «Շահխաթուն» կազմակերպությունը, որը միավորում է հետընտրական զարգացումների առնչությամբ դատապարտված ընդդիմադիրների կանանց:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը պատրաստել է ուղերձ Եվրոպայի խորհրդին, որում անդրադարձել է ֆորումին մասնակից կազմակերպությունների ընտրությանը: Ուղերձի տեքստը ուրբաթ օրը փոխանցվեց Եվրախորհրդի հայաստանյան կառուցին:

Նախապես որոշված էր ուղերձը ԵԽԽՎ-ի հայաստանյան գրասենյակ հանձնել երթով, սակայն, հորդառատ անձրեւի պատճառով, որոշվեց, որ ուղերձը կհանձնի ընդդիմության պատվիրակությունը:

Ուղերձում, որը Կոնգրեսի անունից ստորագրել է ընդդիմադիր դաշինքի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ընդդիմությունը պահանջում է քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, «Ա1+» հեռուստաընկերության վերաբացում եւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը Մարտիրոս Սարյանի արձանին հարող պուրակում, որտեղից պիտի սկսվեր չկայացած երթը, ամբողջությամբ հրապարակեց ուղերձը:

«Հայաստանում առաջացած խորը քաղաքական ճգնաժամը, որը հետեւանք է 2008-ի կեղծված ընտրությունների եւ այդ ընտրությունները բողոքարկող խաղաղ ցույցերի, մարտի 1-ի բռնի ցրման, մինչ այսօր` ավելի քան երկու տարի անց, շարունակում է մնալ չկարգավորված: 13 քաղբանտարկյալ շարունակում են մնալ բանտերում` բացառապես իրենց օրինական քաղաքական իրավունքները իրագործելու պատճառով` հակառակ միջազգային հանրության, Եվրոպական Միության հայտարարություններում, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 1677 /2009/, ինչպես նաեւ դրան նախորդած երեք բանաձեւերում տեղ գտած հորդորներին եւ պահանջներին: Չեն բացահայտվել մարտիմեկյան 10 սպանությունները, ոչ ոք ձերբակալված չէ, ոչ մեկին առաջադրված չէ որեւէ մեղադրանք այդ գործերով, իսկ դատարանները մերժում են զոհերի իրավահաջորդների բոլոր հայցերը», - ասվում է ուղերձում:

«Եվրոպայի Խորհուրդը եւ նրա Խորհրդարանական Վեհաժողովը ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը այն իրողության մեջ, որ մինչ այսօր կատարված չեն մեկ տարի եւ ինն ամիս առաջ ընդունված վերջին` 1677 բանաձեւի պահանջները, եւ որ քաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանել իր սրությունը», - նշվում է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG