Մատչելիության հղումներ

«ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանին անդամակցություն շնորհելու խնդրում»


Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձե (ձախից) եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն, Թբիլիսի, 1-ը հոկտեմբերի, 2010թ.
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձե (ձախից) եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսեն, Թբիլիսի, 1-ը հոկտեմբերի, 2010թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը գովեստով է խոսել Աֆղանստանում իրականացվող ռազմական գործողություններին Վրաստանի աջակցության մասին։

«ՆԱՏՕ-ն շատ բարձր է գնահատում Վրաստանի հետ համագործակցությունը` հատկապես Աֆղանստանում», - հայտարարել է Ռասմուսենը ուրբաթ օրը Թբիլիսիում Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողության ընթացքում եւ ավելացրել. - «Անդամակցություն տալու վճռականությունը, որի մասին հաղորդվել է Բուխարեստի գագաթնաժողովում, չի փոխվել»։

2008 թվականին Ռումինիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հայտարարել էին, որ Վրաստանը եւ Ուկրաինան որոշակի փուլում ի վերջո կանդամակցեն Հյուսիսատլանտյան դաշինքին, սակայն չցանկանալով վատթարացնել հարաբերությունները այդ երկու երկրների անդամակցության գաղափարը կտրականապես մերժող Ռուսաստանի հետ` ՆԱՏՕ-ն հրաժարվել էր որեւէ կոնկրետ ժամկետ նշել։

Ուկրաինան իշխանափոխությունից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու թեման փակել է, մինչդեռ Վրաստանը, ցանկանալով է'լ ավելի սերտ կապեր հաստատել Դաշինքի հետ, Աֆղանստանում ծառայող զինվորականների թիվի հասցրել է գրեթե հազարի։ Ուրբաթ օրը հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ նախօրեին Աֆղանստանում 4 վրացի զինծառայող է զոհվել։ Վրացիների մեծ մասը տեղակայված է Հելմանդի գավառում, որտեղ նրանք ծառայում են ամերիկացիների հետ։

Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Գեորգի Բարամիձեն ասել է, որ Անդերս Ֆոգ Ռասմուսենի այցը չափազանց կարեւոր է Վրաստանի համար, այն դիտվում է որպես ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերված աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։

«Մեր համոզմամբ` Վրաստանն ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու բացառիկ երաշխիքներ, մենք պատրանքներ չունենք, գիտակցում ենք, որ այլ երկրների համեմատությամբ` Վրաստանի առջեւ դրված նշաձողը, որը պետք է հաղթահարել անդամ դառնալու համար, ավելի բարձր է, բայց դա, ի վերջո, ոչ թե անհաղթահարելի պատ է, այլ ընդամենը նշաձող», - ասել է Բարամիձեն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG