Մատչելիության հղումներ

Կիրակի օրը վերջնականապես կավարտվի... Առաջին աշխարհամարտը


Այս կիրակի` հոկտեմբերի 3-ին Գերմանիան վճարելու է Առաջին աշխարհամարտում կրած պարտությունից հետո Վերսալի պայմանագրով սահմանված ռեպարացիաների` պատերազմական տուգանքի վերջին չափաբաժինը` 59.5 միլիոն բրիտանական ֆունտ ստերլինգ։

20-րդ դարում տեղի ունեցած երկու աշխարհամարտերի նախաձեռնող Գերմանիան երկուսում էլ դաժան պարտություն կրեց։ Մեծ թվով պատմաբաններ պնդում են, որ նացիստների լիդեր Ադոլֆ Հիտլերը չէր գրավի իշխանությունը, հետեւաբար` չէր սկսվի Երկրորդ աշխարհամարտը, եթե Առաջին աշխարհամարտից հետո Վերսալի պայմանագրով Գերմանիայի նկատմամբ չսահմանվեին այդչափ ծանր եւ նվաստացուցիչ պատժամիջոցներ` 226 միլիարդ ռեյխսմարկի տուգանքի. դա հավասար էր այն տարիների փոխարժեքով 22 միլիարդ ֆունտ ստերլինգի` բեռ, որը պարտված երկրի համար անտանելի էր։ Տասը տարի անց սկսվեց Մեծ դեպրեսիան` գլոբալ տնտեսական ճգնաժամը, գերմանական պետությունը, որն անվանել են Վայմարի հանրապետութուն, է'լ ավելի խորասուզվեց պարտքերի մեջ, սկսվեց աննախադեպ սղաճ, երկրում համատարած հուսահատություն էր, թշվառություն եւ գործազրկություն, ինչը պարարտ հող էր նացիստների համար։

Գերմանիան Երկրորդ աշխարհամարտից հետո էլ տուգանվեց եւ բաժանվեց երկու մասի` Արեւմտյան եւ Արեւելյան, որը կոմունիստական բլոկի անդամ էր։

Գալիք կիրակին ուշագրավ է նաեւ այն առումով, որ 20 տարի առաջ ճիշտ հոկտեմբերի 3-ն տեղի ունեցավ Արեւմտյան Գերմանիայի, Արեւմտյան Բեռլինի եւ Արեւելյան Գերմանիայի վերամիավորումը։ Դրանից մեկ տարի առաջ` 1989 թվականի նոյեմբերի 9-ին Բեռլինի պատը փլուզվել էր. դա Եվրոպայում կոմունիստական ճամբարի հոգեվարքի խորհրդանիշն էր։ Սակայն Գերմանիայի իրավական վերամիավորումը կայացավ ոչ թե Բեռլինյան պատը քանդելու, այլ ընտրությունների եղանակով` ամբողջական երկրում տեղի ունեցան բազմակուսակցական առաջին ընտրությունները, ապա Արեւմտան եւ Արեւելյան Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Խորհրդային Միության եւ Միացյալ Նահանգների պաշտոնյաները ստորագրեցին «Գերմանիայի նկատմամբ վերջնական կարգավորման պայմանագիրը»։

Այս տարվա սեպտեմբերի 29-ին Բեռլինում մեծարել են երեք լիդերների, ովքեր, գերմանացիների համոզմամբ, համարվում են վերամիավորման կնքահայրերը. քաղաքի այն հատվածում, որտեղ նախկինում անցել է պատի մի հատված, չորեքշաբթի օրը տեղի է ունեցել Գերմանիայի նախկին կանցլեր Հելմութ Քոլի, Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի եւ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի արձանների բացումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG