Մատչելիության հղումներ

Խարբերդի մանկատունը նոր մասնաշենք ունի


Վարչապետ Տիգրան Սարգսյանը` Խարբերդի մանկատան նոր մասնաշենքի բացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը` Խարբերդի մանկատան նոր մասնաշենքի բացմանը

Սեպտեմբերի 29-ին բացվեց Խարբերդի մասանգիտացված մանկատան նոր մասնաշենքը, որի շինարարությունը սկսվել էր 2007-ին`պետբյուջեից հատկացված 600 մլն դրամով: Շենքի կառուցումը խիստ հրատապ էր, քանի որ եղած շենքերը ծանրաբեռնված էին:

Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը փոխանցեց, որ հիմնական մասանշենքը նախատեսված էր 160 երեխաների համար, իսկ այսօր Խարբերդում ապրում է 277 սան, որոնցից 118-ը չափահասներ են: - «Միջոցառումների համալիր ծրագիր է հարկավոր` ոչ միայն մանկատանը ապրող երեխաների թիվը, այլեւ հոսքը դեպի մանկատուն պակասեցնելու ուղղությամբ», - նշեց նա` նկատի ունենալով քայլեր, որոնք ներառում են թոշակային համակարգի բարելավումից, խնամքի ցերեկային կենտրոնների ստեղծումից մինչեւ ծնողների կյանքի որակի բարելավում, որպեսզի երեխայի մասին իրենք հոգ տանեն ու չտանեն նման հաստատություն:

Թեեւ Խարբերդի մանկատանը կյանքի որակը տարեցտարի լավանում է, այդուհանդերձ, մանկատան աշխատակիցները նշում են, որ սաների մեծ քանակի պատճառով հաճախ բարդ է նրանցից յուրաքանչյուրի հանդեպ անհատական մոտեցում ցուցաբերելը:

Խարբերդի մանկատունը նախատեսված է կենտրոնական նյարդային համակարգի օրգանական եւ ֆունկցիոնալ ախտահարումներով բնածին ու ձեռքբերովի ֆիզիկական եւ մտավոր արատներ ունեցող 6-18 տարեկան հաշմանդամ երեխաների խնամքի համար:

Մանկատան նոր մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
XS
SM
MD
LG