Մատչելիության հղումներ

Լուժկովի շուրջ վերջին իրադարձությունները` ըստ ռուսաստանցիների


Յուրի Լուժկովը կնոջ` Ելենա Բատուրինայի հետ
Յուրի Լուժկովը կնոջ` Ելենա Բատուրինայի հետ

Ռուսաստանցիների գերակշիռ մասը հավատում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի ու նրա կնոջ հասցեին վերջին շրջանում հնչող մեղադրանքներին, սակայն այդ աղմկահարույց փաստերին ուշադրություն չի դարձնում: Համենայնդեպս, այդ է փաստում ռուսաստանյան «Լեւադա» կենտրոնի անցկացրած վերջին ուսումնասիրությունը։

Հետազոտության համաձայն, Լուժկովի նկատմամբ ընտրողների վստահությունը շեղակի անկում է ապրել վերջին տարիներին։ Եթե պաշտոնավարման սկզբում` 1999 թվականին Լուժկովին հավատում էր ռուսների շուրջ 52 տոկոսը, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 20-ի։

Հարցվածների մեծ մասի համոզմամբ, սակայն, դա չէ Լուժկովի դեմ սկսված տեղեկատվական պատերազմի պատճառը, եւ ոչ էլ քաղաքապետի պաշտոնում նրա թույլ տված սխալներն ու բացթողումները: Պատճառն այն է, որ իշխանությունները ուզում են այլ մարդու նշանակել այդ եկամտաբեր պաշտոնում` պնդել է հարցվածների 13 տոկոսը, 10 տոկոսը համոզմունք է հայտնել, թե պատճառը տարաձայնություններն են Կրեմլի եւ Լուժկովի միջեւ, 26 տոկոսն էլ նշել է Լուժկովի եւ նրա շրջապատում տարածված կոռուպցիան։

Իսկ հարցին, թե ի՞նչ զգացմունքներ են առաջացնում Լուժկովի մասին վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդող աղմկահարույց տեսանյութերը, ռուսների շուրջ 40 տոկոսը պատասխանել է. - «Առանձնապես ուշադրություն չեմ դարձնում այդ հաղորդումներին»։

Մեծամասնություն են կազմել մարդիկ, ովքեր պնդել են, թե Լուժկովի հրաժարականից եւ այդ պաշտոնում այլ մարդու նշանակելուց հետո անգամ Մոսկվայում որեւէ բան չի փոխվելու։ Ընդ որում, հարցվածներից ուղիղ կեսը համոզմունք է հայտնել, որ Մոսկվայում տարածված կոռուպցիան եւ իշխանազանցությունը, որի մասին հաղորդում են դաշնային հեռուստաալիքներն ու լրատվամիջոցները, նույնությամբ առկա է երկրի կառավարման այլ օղակներում, 33 տոկոսի համոզմամբ` Դաշնության այլ շրջաններում իշխանական օրինախախատումները նույնիսկ ավելի են, քան Մոսկվայում։

«Արդյո՞ք իրավապահ մարմինները քրեական գործ կհարուցեն Մոսկվայի քաղաքապետի դեմ` այսչափ աղմկահարույց փաստերի հրապարակումից հետո» հարցին 40 տոկոսից ավելին պատասխանել է. - «Ամենայն հավանականությամբ` ոչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG