Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման եւ Իլհամ Ալիեւը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորումը


Իլհամ Ալիեւ, Բարաք Օբամա, Նյու Յորք 24 սեպտեմբեր 2010
Իլհամ Ալիեւ, Բարաք Օբամա, Նյու Յորք 24 սեպտեմբեր 2010
Ուրբաթ երեկոյան Նյու Յորքում՝ ՄԱԿ–ի գլխավոր Վեհաժողովի շրջանակներում, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդիպել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւին։

Սպիտակ տան տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպմանը Բարաք Օբաման վերահաստատել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հարցի կարգավորմանը եւ ընդգծել շփման գծում հրադադարը պահպանելու կարեւորությունը։

Պաշտոնական Վաշինգտոնի հաղորդմամբ, ԱՄՆ նախագահը նաեւ նշել է հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելու անհրաժեշտությունը եւ ընդգծել, որ այն պետք է հիմնված կլինի Հելսինկյան սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման վրա։

Իլհամ Ալիեւի հետ առաջին դեմ առ դեմ հանդիպմանը ԱՄՆ նախագահը չի շրջանցել նաեւ Ադրբեջանում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Բարաք Օբաման կոչ է արել Իլհամ Ալիեւին բարեփոխումներ իրականացնել ժողովրդավարության ուղղությամբ, այդ թվում՝ ազատ արձակել ընդդիմադիր հայացքներ ունեցող, 2009 թվականից ձերբակալված երկու բլոգերներին՝ Ադնան Հաջիզադեին եւ Էմին Միլիին։

«Նախագահ Օբաման նշել է, որ ուժեղ ժողովրդավարական կառույցները նպաստում են Ադրբեջանում տնտեսական աճի ու կայունության ամրապնդմանը», - փաստում է Սպիտակ տան հաղորդագրությունը։

Երկու ղեկավարները քննարկել են նաեւ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները ամրապնդելու հնարավորությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու էներգետիկ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG